Կայացել է պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով խորհրդի նիստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

55

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել «Համայնքահեն ծառայությունների մատուցումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համատեքստում. Կարիքներ և հնարավորություններ» խորագրով Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ընդլայնված նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Հանդիպումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, որին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և անհատ փորձագետներ: Բացման խոսքում, պաշտպան Գրիգորյանը ողջունելով և ծանոթանալով Խորհրդի անդամներին,  նշել է, որ որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը լինելու է իր մշտական ուշադրության կենտրոնում և որ հասարակական խորհրդի հետ սերտ համագորրծակցությունը միանշանակ օգտակար է լինելու թե խնդիրների ճիշտ թիրախավորման, և թե առաջնահերթությունների որոշման առումով:

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Վիթն իր հերթին ողջունելով մասնակիցներին՝ ընդգծել է, որ կարևորում են միջգերատեսչական հաղորդակցության զարգացումը և քաղաքացիակենտրոն ու հաշվետու որոշումների կայացման ինստիտուցիոնալ զարգացումը Հայաստանում: Ջեյմս Դե Վիթը հիմնարար է գնահատել հանդիպման թեման ժողովրդավարության համատեքստում՝ նշելով, որ այն առնչվում  է ժողովրդավարության հիմնասյուներից մեկին՝ մարդու իրավունքների պատպանությանը:

Պաշտպան Գրիգորյանը, անդրադառնալով հաշմանդամութույն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին Հայաստանում, հիշատակել է Պաշտպանի տարեկան հաղորդմամբ և արտահերթ զեկույցներով արձանագրված խնդիրներն ու նշել, որ դրանցից շատերը շարունակում են մնալ չլուծված, սկսած քաղաքականությունների մշակման գործընթացից ու իրազեկումից մինչև միջավայրերի ու ծառայությունների մատչելիության և մատուցվող ծառայությունների հիմքում կարիքի հստակ գնահատման բացակայության խնդիրները: Քրիստիննե Գրիգորյանն առաջարկել է Խորհրդի անդամներին նախանշել գործունեության առաջնահերթությունները և եռամսյակային նիստերի օրակարգում թիրախավորել խնդիրներ ու հաջորդող ժամանակահատվածում մեկտեղել ջանքերը՝ հասնելու նախանշած ուղղություններով լուծումների: Այնուհետև, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցով և տարեկան հաղորդմամբ արձանագրված այն համակարգային խնդիրները, որոնք արձանագրվել են կարիքահեն և համայնքահեն ծառայությունների մատուցման ոլորտում:

Հատուկ ընդգծվել է արտահերթ զեկույցի  մշակման աշխատանքների ներկայացուցչական բնույթը, որին մասնակցել են նաև հասարակական խորհրդի անդամները: Արձանագրված խախտումների համատեքստում Մոնիկա Սարգսյանը անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց խնամող անձանց իրավունքները պաշտպանությանը, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության խոչընդոտներին, համայնքային ծառայությունների բացակայությանը կամ դրանց սահմանափակ լինելուն, դրանց մատչելիության և հասանելիության, երեխաների վերականգնողական ծառայությունների, կարիքների գնահատման հետ կապված խնդիրներին: Հաջորդիվ, տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում Խորհրդի անդամների և մասնակիցների միջև:

--00—ՀԶ