Ադրբեջանական զինուժը Ներքին Հանդի ուղղությամբ մոտ 900 մետր առաջ է եկել և վրաններ տեղադրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հասարակական

Ադրբեջանական զինուժը Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ մարտի 3-ից 4-ը մոտ 900 մետր առաջ է եկել անտառներով ու վրաններ տեղադրել բնակավայրի վարչական տարածքում։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։

Բաղդասարյանն ասաց, որ ադրբեջանական վրանները գյուղից մոտ 2 կիլոմետր են հեռու։ «Հնարավոր չէր տեսնել ադրբեջանցիների առաջանալը, որովհետև անտառների միջով են եկել, այնպես չէ, որ բաց տարածքով են իջել։ Հենց անտառում էլ վրանները խփված են։ Այդտեղից գյուղի արոտավայրերը, գերեզմանոցը, խմելու ջրի ակունքներն են դիտարկվում։ Մարդիկ կային, որ ուզում էին այդ տարածքներում այգի հիմնել, մարդ էլ կա, որ տնամերձ ուներ, 15-20 տարի դրանով էր ընտանիք պահում, այսօր ռիսկի չի դիմում մոտիկանալ այդ տարածքին»։

Գյուղապետն ասաց, որ Հայաստանի զինուժից և պաշտպանության նախարարությունից մարտի 5 կամ 6-ին են եկել պաշտոնյաներ։ «Դիտարկեցին, նորից մի հատ դիրք ավելացրին ադրբաջանական նոր դիրքի դիմաց, այսքանը կարող եմ ասել։ Որ իմացանք ադրբեջանցիները դիրք են դրել, զանգեցինք ՊՆ, եկան»։

Խաչատուր Բաղդասարյնան ասաց, որ ադրբեջանական կողմը չի կրակել գյուղի ուղղությամբ նոր դիրքավորված տեղերից, Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը գրեթե ամեն օր գյուղ է այցելում, դիտարկում է։ «Բայց դե չի կարող ամեն օր դիրքում լինել։ Գյուղը չի կարող վերևից դիտարկվել ադրբեջանցիների կողմից», - եզրափակեց ասաց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։

--00--ԿԿ