Բացահայտվել է Դալմայի «Զառա» խանութ-սրահից գումար հափշտակելու դեպքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

զառա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է օրեր առաջ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրում գործող «Զառա» խանութ-սրահից ավազակությամբ խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքը:

Նախաքննության ընթացքում ուսումնասիրվել են առերևույթ հանցագործություն կատարած անձանց՝ դեպքի վայր ժամանելու, ավազակային հարձակումը կատարելու և դեպքի վայրից հեռանալու տեսագրությունները, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի՝ 26-ամյա բնակիչներ են:

Վերջիններս հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների շնորհիվ:

Հիշյալ անձինք ձերբակալվել են՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով ինքնախոստովանական ցուցմունքներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երկու անձինք, ավազակությամբ, ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2022թ. մարտի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ապօրինի մուտք էին գործել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու 3-րդ հասցեում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրային համալիրում գործող «Զառա» խանութ-սրահ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել էին այդ պահին գանձապահների՝  կողմնակի անձանց մուտքն արգելված աշխատասենյակում գտնվող աշխատակցուհու վրա և չհրկիզվող պահարանից հափշտակելով ընկերությանը պատկանող, նախնական տվյալներով՝ 2.392.000 ՀՀ դրամ գումարը, դիմել էին փախուստի:

Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ տվյալ խանութի՝ երեք և առևտրի կենտրոնի մեկ աշխատակից, ինչպես նաև «Զառա» խանութ-սրահը ներկայացնող ՓԲ ընկերությունը ճանաչվել են տուժող:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

--00—ՄՀ