Հակառակորդի կողմից մեկ զինծառայողի սպանության, մյուսի վիրավորում ստանալու դեպքով քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ երեկ հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայողի սպանության, ևս մեկի էլ հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն՝ հավելելով, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 13-րդ կետերով (սպանությունը՝ երկու կամ ավելի անձանց, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):

«Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. մարտի 7-ին՝ ժամը 12:55-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելիս Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Հրաչ Արամի Մանասարյանը՝ ծնված 1985թ., իսկ պայմանագրային մեկ զինծառայող, շարքային (ծնված 1990թ.) ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել բժշկական կենտրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԿԿ