Ռուսաստանից և Բելառուսից ՏՏ մասնագետների հոսք է սկսվել Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

հասարակական

Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ Արևմուտքի սահմանափակումների պայմաններում ՏՏ մասնագետների տեղափոխության պրոցեսը Հայաստան արդեն սկսել է։ Այս մասին 24News-ին ասաց «Hoory» ստարտափի գործադիր տնօրեն, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասի տարածաշրջանում հատուկ ռազմագործողություն սկսելու մասին։ Իսկ արդեն ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների ընթացքում արևմտյան պետություններն ու օտաերկրյա կազմակերպությունները խսիտ սահմանափակումներ մտցրեցին Ռուսաստանի դեմ։

«Ռեալ կա այդ ներհոսքը, բայց հիմնականում Ռուսաստանից է։ Բելառուսից նույնպես կա, Ուկրաինայից՝ ավելի քիչ։ Իհարկե մի մասը հայեր են, որոնք ավելի հեշտ են տեղից տեղ տեղափոխվում, գալիս Հայաստան։ Բայց գալիս են նաև ոչ հայկական ծագում ունեցող ռուսաստանցիներ։ Կան դեպքեր, երբ որ ՏՏ կազմակերպություններն ամբողջությամբ գալիս են այստեղ», - ասաց «Hoory» ստարտափի գործադիր տնօրենը։

Իսկ թե հիմնականում ի՞նչ սահմանափակումներից ելնելով են տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները գալիս Հայաստան, ապա Մարտիրոսյանը նշեց, որ կարող ասել՝ հիմնվելով մի քանի հոգու հետ խոսակցությունների վրա։ «Բառի բուն իմաստով կան աշխատանքային սահմանափակումներ։ Մարդիկ զրկվում են օրինակ ծրագրային ապահովումից օգտվելուց, որովհետև Ռուսաստանի համար շատ կազմակերպություններ ուղղակի փակում են ծրագրերի օգտագործումը։ Երկրորդը՝ ֆինանսական հարաբերությունները պատվիրատուների հետ, որովհետև ռուսաստանյան բանկային համակարգը փաստացի կտրվել է աշխարհից։ Երրորդը՝ մարդկային գործոնն է, շատերն ուղղակի չեն ուզում երկրում մնալ՝ ելնելով քաղաքական իրավիճակից։ Կա նաև չորրորդ հանգամանքը, որը բավականին նոր է՝ շատերը փախնում են, որովհետև կա տեղեկություն, որ Ռուսաստանում կարող է ռազմական դրություն հայտարարվել ու սկսվել զորահավաք», - պարզաբանեց մեդիափորձագետը։

Հայաստանը կարո՞ղ է Ռուսաստանից, Բելառուսից եկող ՏՏ մասնագետների գործունեության համար պատշաճ պայմաններ ապահովել։ «Ռուսաստանից, Բելառուսից եկողների համար պայմանները մեզ մոտ հեշտացված են։ Ռուսաստանի դեպքում անձնագրային խնդիր չունեն, կարող են առանց արտասահմանյան անձնագրի մուտք գործել։ Շատ հարցերում հեշտացված է, կառավարությունն էլ, կարծես թե, ինչ-որ բաներ արագ փոխում է, որպեսզի հեշտացնի այդ պայմանների հարցը», - եզրափակեց Մարտիրոսյանը։

--00--ԿԿ