«Անպիտան հրթիռների» գործով մեղադրյալ գեներալ Գալստյանի առողջության հարցը կբարձրացվի դատական նիստում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

հասարակական

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակի հարցը կարող է բարձրացվել կալանավորման խափանման միջոցը փոփոխելու հարցով դատական նիստի ժամանակ։ Այս մասին 24News-ին ասաց Ստեփան Գալստյանի փաստաբան, «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանը։

Փետրվարի 28-ին հետաձգվել էր «Անորակ հրթիռների» գործով նիստը, քանի որ Ստեփան Գալստյանը առողջության վատթարացման հետևանքով վիրահատվել էր։ Վերաքննիչ դատարանում Գալստյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորման հարցով փաստաբանների բողոքի քննությունը նույնպես հետաձգվել էր։ Փաստաբաններն ինքնաբացարկ էին հայտնել դատավորին՝ խնդրահարույց համարելով նրան բողոքի քննության մակագրումը։

Մարտիրոսյանը, նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վրա բացասական ազդեցություն է ունեցել +18 աստիճանից ցածր ջերմաստիճանը դատարանում, իսկ դրանից ցածր չի կարելի աշխատանքային գործունեություն իրականացնել։ «Դատավորն էլ ռեֆրեզատորի նման փչող բաներից դրել-տաքանում էր, աղմկեցինք, փոքր բաներ բերեցին, դրանք ի՞նչպես պիտի տաքացնեին հսկայական դահլիճում։ Սա Եվրոպական դատարանի տեսանկյունից նվաստացուցիչ վերաբերմունք է մեղադրյալների նկատմամբ», - ընդգծեց նա։

Հակոբ Մարտիրոսյանն ասաց, որ մարտի 29-ին շարունակվելու է կալանավորման դեմ բողոքի քննությունը։ «Նիստը մարտի 29-ին նշանակելը նույնպես պատիժ լուծելու խնդիրն է։ Կալանքի հիմքերը վիճարկվում են, 1 ամսից հետո է նիստը նշանակվում, մարդկանց շարունակում են կալանքի տակ պահել։ Իհարկե դատարանը կմեկնաբանի, որ ծանրաբեռնված են և այլն, բայց խնդիրն այն է, որ մարդու հիմնարար իրավունքն է խախտվել՝ ազատության իրավունքը»։ 

Անդրադառնալով մեղադրանքին՝ փաստաբանն ասաց, որ հրթիռներն անպիտան չեն եղել, օգտագործվել են։ «Դրա համար գեներալները պահանջում են հրապարակավ դատավարություն, որպեսզի հանրությունը տեղեկանա։ Եվ մի կարևորագույն փաստարկ, որ դատական ակտում շարադրված է։ Պատրոն Դավիթը՝ Դավիթ Գալստյանը, հայտարարեց, որ եթե գտնում են՝ հրթիռները պիտանի չեն, դրանով պետությանը վնաս է պատճառվել, պատրաստ է դրանք հետ վերցնել ու փոխհատուցել։ Որպես դատախազ եմ ասում, դատախազները պետք է միջոցներ ձեռնարկեն, գործարքի գնան, բայց չեն ձեռնարկում, գործն էլ շարունակում են, կալանքի նիստն էլ ուշ է նշանակվում, որ մարդիկ մնան կալանքի տակ, որպեսզի ժողովրդին ասեն. «ա՛յ, գեներալները մեղավոր էին, անորակ հրթիռների պատճառով էր, որ արցախյան պատերազմը պարտվեցինք»», - նշեց նա։

Ստեփան Գալստյանի փաստաբանն ասաց, որ գործերի մակագրումն էլ եղել է անհատական, պաշտպանական կողմն էլ կասկածի տակ է առել նախորդ դատական նիստում։ «Մասնավորապես, ԳՇ ավիացիոն վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը մակագրման հետ կապված համապատասխան փաստաթղթեր պահանջեց։ Ես այդ ժամանակ դատարանին ասացի՝ «ինչո՞ւ եք այսքան երկար ժամանակով հետաձգում, մակագրման փաստաթղթերը տվեք, պատասխանատու հայտարարում եմ, 15 րոպեում տեղեկանքը գրեմ-տամ», և հետաձգվեց գործը մինչև մարտի 29-ը», - եզրափակեց նա։

--00--ԿԿ