Ռուս խաղաղապահներն ապահովելու են Արցախի Խրամորթի ևս մեկ հատվածի անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

Արցախ

Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքներում բնակիչները սկսել են գարնանացանի նախապատրաստական աշխատանքները, սակայն սահմանակից տարածքներում դեռևս չեն կարողանում։ Այս մասին 24News-ին ասաց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը։ 

Փետրվարի 25-ին, 26-ին ադրբեջանցի զինծառայողները մեքենայով շրջել էին Խրամորթի սահմանին և բարձրախոսը միացրած, գյուղի բնակիչների վրա հոգեբանական ճնշում գործադրելով, կոչ արել լքել այն։ Աբրահամյանն ասաց, որ այս պահին վիճակը նորմալ է։ «Ադրբեջանցիների քարոզչական մեքենան դուրս չի գալիս, արդեն 3-րդ օրն է, հանգիստ է։ Մարդիկ վարչական տարածքներում աշխատում են իրենց այգիներում, ծառներն էտում են»։

Խրամորթի գյուղապետն ասաց, որ սպասում են ռուս խաղապահներին՝ գյուղի տարածքի մի հատվածի անվտանգությունն ապահովելու համար։ «Նորից պիտի դիրք ավելացնենք, մի հատվածում՝ 1․5 կիլոմետր տարածք կա, ահագին տարածք է, բարձիթողի վիճակում է։ Հիմա ուզում ենք, որ խաղաղապահները գան, անվտանգությունն ապահովեն», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ն (ծնված 1983թ.) տրակտորով հերկ կատարելու ժամանակ, հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը։ Իսկ փետրվարի 16-ին ադրբեջանցի զինծառայողներն իջել էին իրենց դիրքերից, որոնք շուրւ 20 հեկտար խաղողի այգիներից հեռու են մոտ 100 մետր, ու ավտոմատի սպառնալիքով այգիներում աշխատող գյուղացիներին հեռացրել ու չէին թողել աշխատել։ Մինչ օրս գյուղացիները չեն աշխատում։

--00--ԿԿ