Երևանում շահագործվում է 22 շատրվան և 8 ջրավազան. Այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս 4-ով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

նկար

Մայրաքաղաքում շահագործվում է 22 շատրվան և 8 ջրավազան: Այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս չորսով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երեւանի քաղաքապետարանը:

Հաղորդագրության մեջ ասվում է. «Երևանյան ինքնատիպ միջավայրին մշտապես թարմ շունչ հաղորդող ջրային կառույցների պատմությունն սկիզբ է առնում 18-րդ դարից: Պատմական փաստերը վկայում են, որ մայրաքաղաքում շատրվաններ ու ջրավազաններ եղել են դեռևս 1800-ական թվականներին: Առաջին մեծ շատրվանը գտնվել է Երևանի բերդում:

«Երևանը մերձարևադարձային գոտում է, որտեղ չորս ամիս շարունակ լինում է տապ ամառ և, դրանով պայմանավորված, միշտ եղել է ջրի կարիք: Մենք ունենք թանգարանում նմուշ՝ Սարդարի պալատի ջրավազանը, որն իր գեղեցկությամբ առանձնացել է ոչ միայն որպես ներքին հարդարանքի մաս, այլև՝ առանձնահատուկ նշանակությամբ: Ջրավազան է լցվել ջուր, որին անուշաբույր և զովացնող նյութեր են խառնել, ինչը շոգ սրահին զովություն է հաղորդել: Այնքան շքեղ է եղել իր ժամանակին, որ բոլոր պատմագիրներն այս շատրվանի մասին նշում են»,- պատմում է Երևան քաղաքի պատմության թանգարանի հնագիտության բաժնի ավագ գիտաշխատող Մարինե Նավասարդյանը:

Երևանի բերդի այժմյան տարածքում ևս ուրույն նշանակություն ունի, թեև վերակառուցված, բայց ճարտարապետական նմանատիպ լուծմամբ վերածնված շատրվանը:

«Մենք գտնվում են բերդի տարածքում և սա էլ պատմական շատրվան է, կարելի է ասել: Պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ մենք ամեն օր աշխատում ենք բերդի տարածքում: Պատմական վայր է այն մեզ համար, զբոսաշրջիկներն էլ շատ սիրով, հետաքրքրությամբ են այցելում այստեղ: Մեր պատմության մի փոքրիկ մասն է, որն այսօր ունի այս տեսքը»,- նշում է էքսկուրսավար Մանե Ասլանյանը:

Երևանի հազարամյակների պատմության լուռ վկաներն են նաև բոլոր այն լուսանկարները, որոնք խնամքով պահվում են Երևան քաղաքի պատմության թանգարանում:

«Մեր ավանդապահոցում ունենք լուսանկարներ, որոնք բավականին շատ տեղեկատվություն են մեզ տալիս մեր պատմության վերաբերյալ: Ծանոթ լինելով մեր երևանյան չոր կլիմային՝ խիստ անհրաժեշտություն էր շատրավնների և ջրավազանների առկայությունը: Ճիշտ է, սկզբնական շրջանում ջրի խնդիր կար, բայց հետագայում, երբ 1911 թվականին ջրմուղն սկսեց գործել, այս խնդիրն սկսեց լուծվել»,- պատմում է լուսանկարների ավանդաբաժնի ավանդապահ Արմինե Կարապետյանը:

«Ջրախոս» այս կոթողները տարիների ընթացքում դարձան ոչ միայն Երևանի հմայքն ընդգծող խորհրդանիշերից, այլև առանձնացան կենսական նշանակությամբ: Շատրվանային համալիրների անհրաժեշտությունը քաղաքի կարևոր ու գլխավոր փաստաթղթով ամրագրեց նաև Ալեքսանդր Թամանյանը: Նախագծերն սկսեցին կյանքի կոչվել 50-ական թվականներից:

Հանրապետության հրապարակի գլխավոր շատրվանն հիմա էլ շարունակում է գրավել մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ այս տարի, ի դեպ, նախատեսվում է ամբողջությամբ արդիականացնել մայր շատրվանի լուսաձայնային համակարգը, որը գործարկվել է 2007թ.:

«Շարժիչները կփոխարինվեն, մալուխները լուսային ու ձայնային համակարգը՝ նույնպես: Տարբերակ է մշակվում, որ ջրային լրացուցիչ էկրան տեղադրվի, որի վրա մեր ճարտարապետական արժեք ներկայացնող կոթողները կցուցադրվեն: Բացի այս, տարվա ընթացքում նաև վեց շատրվանների պոմպերի փոխարինման ու նորոգման աշխատանքներ են նախատեսված»,- նշում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:

Մայրաքաղաքում շահագործվում է 22 շատրվան և 8 ջրավազան: Այս տարի այդ ցանկը կհամալրվի ևս չորսով:

Արաբկիր զբոսայգու համալիր բարեկարգման ծրագրով նոր շնչով կվերագործարկվի նաև շատրվանային համալիրը: Երևանյան բակերում ևս կառուցվում են շատրվաններ:

«Մարտի մեկից նախապատրաստական աշխատանքներ կսկսվեն բոլոր օբյեկտներում՝ ներկման, սալիկների ամրակցման, մալուխային գծերի ու պոմպերի վերանորոգման: Տարվա ընթացքում բոլոր ջրավազանները շաբաթը մեկ ջրադատարկվում են, լվացվում, մաքրվում, ամեն օր ախտահանում են»,- ասում է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը:

Ճարտարապետական յուրօրինակ լուծումներով ու կառուցվածքով Երևանի ջրային խորհրդանիշները դարձած շատրվաններն այս տարի ևս կգործարկվեն ապրիլի 7-ին՝ թարմություն ու զովություն հաղորդելով արևային մայրաքաղաքին:

--00—ԼՄ