Շարունակում է աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

էլեկտրամոբիլ

Շարունակում է աճել է էլեկտրական շարժիչով մեքենաների ներկրման թիվը Հայաստանի Հանրապետություն։ 2021 թվականին մեր երկիր է ներկրվել 6645 տրանսպորտային միջոց, այս մասին հաղորդում են ՇՄ նախարարությունից:

Շրջակա միջավայրի աղտոտումը նվազեցնելու, արտանետվող գազերի քանակը կրճատելու և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործումը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը վարում է էլեկտրամոբիլների զարգացմանն ուղղված քաղաքականություն, այդ թվում՝ շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների մասով։

Շրջակա միջավայրի նախարարությնը մշակել է և 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովը ընդունել է օրենք, համաձայն որի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը երկարաձգվել է բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման և (կամ) օտարման համար գործող ԱԱՀ-ից ազատման արտոնության ժամկետը:

Վարվող քաղաքականության արդյունքում վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացել էլեկտրամոբիլների նկատմամբ, շեշտակի ավելացել է ներկրումն ու շահագործումը Հայաստանի Հանրապետությունում:

Այսպիսով Հայաստան է ներկրվել

2019 թվականին՝ 668 տ/մ

2020 թվականին՝ 2155 տ/մ

2021 թվականին՝ 6645 տ/մ

Մինչդեռ, մինչև արտոնության սահմանումը, 2017-2019 թթ․ ներկրվել է ընդամենը 42 էլեկտրամոբիլ։

Ներկայումս հանրապետության ողջ տարածքում առկա է մոտ 90 գործող լիցքավորման կայան:

Հավելենք նաև, որ 2022 թվականի հունվարից մեկնարկել է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից ֆինանսավորվող «Էլեկտրական տրանսպորտային միջոցների շարժունակության հնարավորությունների հիմնման տեխնիկական խորհրդատվական աջակցություն Հայաստանին» դրամաշնորհային ծրագիրը,

Ինչպես նաև Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, 2021 թվականից իրականացնում է «Անցում դեպի էլեկտրական մեքենաների Հայաստանում. Էլեկտրական տրանսպորտային միջոցների ցուցադրման և խթանման ուժեղացում» ծրագիրը։

--00--ՄՀ