Որևէ երկիր Ուկրաինային ռազմական աջակցություն չի տրամադրի, թատերաբեմում մնալու են Ուկրաինան և ՌԴ-ն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

քաղաքական

«Ինձ համար անակնկալ էր, որ երկու եղբայր պետությունների միջև առկա հարցերը քննարկումների տիրույթից անցան մարտական գործողությունների դաշտ, կարող ենք ասել, որ լայնամասշտաբ պատերազմ է սկսվել ՝ Ուկրաինայի ղեկավարության կողմից հայտարարված է՝ համաուկրաինական մոբիլիզացիա, ռազմական դրություն է, մարտեր են ընթանում սահմանի երկայնքով»,- այս մասին 24News- ին ասաց Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

Հարցին, թե այլ երկրների միջամտությունը հավանական համարում է, թե՝ ոչ, պատգամավորը նշեց, որ պետք է նկատի ունենալ, որ մյուս երկրները ՆԱՏՕ-ի՝ «Հյուսիսանտլանտյան» դաշինքի անդամ են, և հույս ունի, որ  խոհեմությունը կհաղթի՝ համաշխարհային պատերազմ չի լինի:

«Չեմ կարծում՝ որևէ այլ երկրի զինված ուժեր միջամտեն այս իրադարձություններին: ԱՄՆ-ից պաշտոնապես հայտարարել են, որ Ուկրաինայի տարածք ամերիկյան զինուժ չի ուղարկվի: Որպես մարտական գործողությունների թատերաբեմ մնալու են Ուկրաինան և Ռուսաստանը: Եվրոպայից ևս բացառում եմ, որ ռազմական աջակցություն լինի, հնարավոր է լինի ֆինանսական աջակցություն կամ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառվեն»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով հարցին, թե ռուս-ուկրաինական հակամարտությունը Հայաստանի վրա ինչպե՞ս կարող է անդրադառնալ, պատգամավորը նշեց.

«Այսպիսի իրադարձությունների ժամանակ, երբ աշխարհը շեղված է լինում կարևոր իրադարձությունների վրա, ռեգիոնալ գործողություններ են տեղի ունենում, որն ընթանում է քողարկված լույսի ներքո: Նմանատիպ իրադարձության ականատես եղանք 2020 թվականին՝ համաշխարհային պանդեմիայի պայմաններում Ադրբեջանի զինված ուժերը ԼՂ-ի նկատմամբ իրականացրին ռազմական գործողություն և դա համաշխարհային հանրության համար  աննկատ մնաց: Այդ տեսանկյունից պետք է կարողանանք նվազեցնել ռիսկերը: Իշխանության գործադրած ջանքերը տարածաշրջանային խաղաղություն հաստատելու ուղղությամբ, նվազեցնում են հնարավոր ռիսկերը: Այս պահին ՀՀ անվտանգության և խաղաղության գրավականը մեր քաղաքական խոհեմությունն է: Հարցին, թե կարո՞ղ  է Ադրբեջանը առիթից օգտվի և սահմանում լարվածություն ստեղծվի, Գուրգեն Արսենյանը նշեց.
«Ադրբեջանի հետ կապված կանխատեսումներն արվում են այն նախապայմանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը խելագարների հավաքական չէ՝ քաղաքական, պետական գործիչներ են, որոնք կարողանում են ճիշտ գնահատական տալ ու ճիշտ որոշումներ կայացնել: Քիչ հավանական է, որ կօգտվեն առիթից»:

--00--ԿԿ