Պուտինն արեց այն, ինչ պետք է աներ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ․ Վահե Հակոբյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

քաղաքական

Ռուսաստանի ղեկավարն արեց այն, ինչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ՝ ճանաչել Արցախի անկախությունը։ Այս մասին 24News-ին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և ԱԺ Հայաստան-Ուկրաինա բարեկամական խմբի անդամ Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչմանը։

Երեկ երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս-ուկրաինական լարվածության ու Դոնբասի խնդրի սրացման ֆոնին հրամանագրեր էր ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին։ Ուկրաինան համանուն մարզերի մասերն է համարում Դոնեցկն ու Լուգանսկը, որոնք 2014-ի մայիսի 12-ին հայտարարել էին իրենց անկախության մասին։

«Ամենամեծ մեր խնդիրն այստեղ է։ Ես չեմ ասում՝ Արցախի հետ կապված իրավիճակը նույնն է, բայց մոդելն է նման։ Եվ դուք հիշում եք, որ մի քանի անգամ Ռուսաստանի նախագահն ասում էր․ «Ինչո՞ւ չեք ճանաչում»։ Իսկ ինչպե՞ս պետք է լիներ Արցախը ճանաչելը, ի՞նքը գար-ստորագրեր Փաշինյանի փոխարեն։ Ռուսաստանի նախագահն արեց այն, ինչ պետք է աներ ինքն իր երկրի համար», - նշեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է, թե ինչ պետք է անեն Հայաստանի իշխանությունները ՌԴ-ի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցում, ապա պատգամավորը հիշեցրեց երեկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Շուշիի հռչակագրի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախագծի մերժումը։ Նախագծով ընդդիմադիր խմբակցությունը առաջարկում էր դատապարտել Շուշիի հռչակագիրը, որն իրենից ենթադրում է սպառնալիքներ Հայաստանի համար։ 

«Ի՞նչ ակնկալիքներ ունենալ այս թրքամետ և ադրբեջանամետ իշխանություններից, այստեղ երկու կարծիք չի էլ կարող լինել։ Երբ որ մենք Շուշիի հռչակագրի վերաբերյալ հարցը բարձրացնում ենք, քվեարկում են ձեռնպահ, և դա չի անցնում լիագումար նիստ։ Էլ ի՞նչ սպասելիքներ ունենանք իրենցից։ Ի՞նչ պետք է անեն, դժվարանում եմ ասել, սակայն քայլերի հաջորդականությունը պետք է ունենա իր տրամաբանությունը, և ամենակարևորը հայամետ, ազգային շահ մեզ համար», - եզրափակեց Վահե Հակոբյանը։

--00--ԿԿ