Ողբերգական վթարի հետևանքով վնասվածքներ ստացած 15-ամյա աղջիկը շարունակում է մնալ անգիտակից վիճակում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

հասարակական

Աբովյանում փետրվարի 20-ին տեղի ունեցած ողբերգական վթարից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 15-ամյա աղջիկ երեխան դեռ շարունակում է մնալ անգիտակից վիճակում։ Այս մասին 24News-ին ասաց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

Փետրվարի  20–ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի սկզբնամասում՝ Արզնու խճուղում, տեղի էր ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթար, որի հետևանքով ընտանիքի 5 անդամներ տեղում մահացել էին, իսկ 15-ամյա երեխան գանգուղեղային ծանր վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Հանրապետական Հակատուբերկուլոզային Դիսպանսեր» ՓԲԸ- ի դիմաց բախվել էին BMW X5, Opel և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:
  
Դերձյանի խոսքերով՝ 15-ամյա Վանուհի Պետրոսյանը նույն վիճակում շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ «Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք», - եզրափակեց Դերձյանը։

Վթարի օրը Shamshyan.com-ը գրել էր, որ Կոտայքի բաժնի ոստիկաններն ու քննչական բաժնի քննիչները պարզել են՝  ՎԱԶ-2106-ը վարել է Չարենցավան  քաղաքի բնակիչ, 46-ամյա Վաչագան Պետրոսյանը, ուղևորները եղել են՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ,  40-ամյա Արմինե Պետրոսյանը, 17-ամյա Վահե Պետրոսյանը, 65-ամյա Գյուլնարա Պետրոսյանը, Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 34-ամյա Մելինե Գասպարյանը: Վերջիններս տեղում մահացել են, իսկ  15-ամյա Վանուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Աբովյան» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Մահացածները ընտանիքի անդամներ էին: Նաև պարզվել էր, որ Opel-ը վարել է Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 60-ամյա Վալիշան Կարապետյանը, իսկ վթարից որոշ ժամանակ անց ոստիկաններին է ներկայացել  Բյուրեղավան քաղաքի բնակիչ, 53-ամյա Սամսոն Դավթյանը և հայտնել, որ BMW X5-ը ինքն է վարել:

Փետրվարի 21-ին փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: «BMW X5» մակնիշի ավտոմեքենայի 28-ամյա իրական վարորդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, և հարցաքննվել՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք: Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս դեպքի ժամանակ գտնվել է ալկոհոլ օգտագործած վիճակում։

--00--ԿԿ