Բաքվի կողմից ՀՀ նախկին նախագահներին հետախուզում հայտարարելը որևէ հիմք չունի. դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

քաղաքական

Դատախազությունը վաղուց նշել և գնահատական է տվել առ այն, որ Ադրբեջանի կողմից պատերազմից հետո Հայաստանի և Արցախի հանրապետությունների քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդումներ և հետախուզումներ հայտարարելը որևէ հիմք չունեն, ապօրինի են։ Այս մասին 24News-ին ասաց  գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու հարցին։

Նրա խոսքերով՝ ադրբեջանական պետության այսպիսի քայլերը շարունակությունն են այն ազգային թշնամանքի, ատելության, որը վարվում է Ադրբեջանի կողմից։

Ադրբեջանի զինվորական դատախազության հատուկ հետաքննությունների վարչության պետ, արդարադատության ավագ խորհրդական Էմիլ Թաղիևն այսօր ավելի վաղ հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը 1988 թվականի փետրվարից ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն սերմանելու նպատակով, հավաքել և կազմակերպել են Ղարաբաղի հայազգի աշխատողների հանդիպումները կազմակերպություններում և հիմնարկներում։ «Քանի որ նրանք քարոզում են, որ Ղարաբաղը պատկանում է հայերին, և այնտեղ պետք է ապրեն միայն հայերը, ինչպես նաև կոչ են անում վտարել ադրբեջանցիներին այս տարածքից, հրկիզել նրանց տները, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով քրեական պատասխանատվության են ներգրավվել և հետախուզման հայտարարվել»,- ասել էր նա։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի դատախազությունը Բաքվի կողմից միջազգային հետախուզումներ հայտարարելու հետ կապված դիմում է համապատասխան քայլերի։ «Դատախազությունն իրականացրել և իրականացնում է անհրաժեշտ բոլոր գործողությունները նմանատիպ տեղեկություններն ի հայտ գալուց հետո, որպեսզի ԱՊՀ-ի խողովակներով, միջազգային համագործակցության խողովակներով նման հարցումները, նման միջնորդությունները որևէ ընթացք չստանան։ Ավելի լայն մանրամասնությունների մեջ չեմ մտնում, բայց իրողությունը սա է», - եզրափակեց նա։

--00--ԿԿ