Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջիկա շաբաթվա ընթացքում ներխուժելու է Ուկրաինա

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 19,  24 News    

բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է առաջիկա օրերին ներխուժել Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է փետրվարի 18-ին՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք վստահ է, որ «նախագահ Պուտինը մտադիր է ներխուժել Ուկրաինա», Բայդենն ասել է՝ այո: Հարցին, թե արդյոք դա ենթադրում է, որ Վաշինգտոնը դադարեցնում է Մոսկվայի հետ դիվանագիտական փոխգործակցությունը, Բայդենը բացասական պատասխան է տվել:

Լրագրողների խնդրանքին՝ հստակեցնելու, թե ինչ հիմնավորումներ կան ենթադրելու, որ Պուտինն առհասարակ դիտարկում է ներխուժման հնարավորությունը՝ ԱՄՆ նախագահն ասել է. «Մենք ունենք էական հետախուզական ներուժ»:

Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ «ռուսական ուժերը ներկայում շրջափակել են Ուկրաինան Բելառուսի կողմից»: «Մենք հիմքեր ունենք կարծելու, որ ռուսական ուժերը ծրագրում են և մտադիր են հարձակվել Ուկրաինայի վրա առաջիկա շաբաթվա ընթացքում: Մենք կարծում ենք, որ նրանք որպես թիրախ կընտրեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը, որտեղ բնակվում է 2.8 մլն անմեղ մարդ»,- նշել է Բայդենը:

--00--ԱՀ