Երևանից գողացված 99 -- 999 համարանիշը մեկուկես տարի անց հայտնաբերվել է Գեղարքունիքում

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 16,  24 News

2020 թվականի հունիսի 15-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են մայրաքաղաքի Մոսկովյան փողոցում կայանված «Հունդաի» մեքենայի 99 -- 999 հաշվառման համարանիշերը և մեքենայի վրա թողած թղթի վրա համարանիշերը ոչնչացնելու սպառնալիքով փող պահանջել։ Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Հանցագործությունը չէր բացահայտվել, սակայն բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում էին։ Արդյունքը եղավ շուրջ մեկուկես տարի անց։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, համագործակցելով ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների հետ, փետրվարի 15-ին տրանսպորտային միջոցը առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար ոստիկանություն բերման ենթարկեցին 27-ամյա մի երիտասարդի, որի վարած «ՎԱԶ-2114» մեքենայի վրա տեղադրված էին մայրաքաղաքում գողացված 99 -- 999 համարանիշերը։
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ մեքենայի իրական հաշվառման համարանիշը այլ է։
Ըստ բերման ենթարկվածի՝ 99 -- 999 համարանիշերը անծանոթ անձից 100 հազար դրամով գնել էր անցած տարվա դեկտեմբերին, Երևանում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ՄՀ