Ադրբեջանական կողմը չի թողնում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Արցախ

Ադրբեջանական կողմն այս պահին չի թողնում զոհված հայ զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ իրականացնել։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Ամեն առավոտ ԱԻ ՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը բարձրանում է Շուշի, հատված կա, որտեղ միշտ բանակցում են հայ, ադրբեջանական ու ռուսական կողմերը։ Արդեն քանի օր է՝ բանակցություններն արդյունք չեն տալիս, չենք կարողանում համաձայնություն ստանալ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար։ Եղանակաները տաքանալուն պես կվերսկսվեն աշխատանքները», - ասաց Թադևոսյանը։

Ըստ նրա՝ ադրեբջանական կողմը տարբեր պատճառաբանություններ է բերում․ «Հիմնականում ասում են, որ «դեռ հնարավոր չէ, դեռ չենք ուզում՝ աշխատանքներ լինեն»»։

«Վերջին անգամ որոնողական աշխատանքներ իրականացվել են փետրվարի 11-ին Մարտունու շրջանում», - եզրափակեց Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակը։

--00--ԿԿ