Փաշաևների կլանի հերթական հաջողությունը՝ Ադրբեջանում. Տաթևիկ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

․

ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Ադրբեջանի քաղաքական դաշտում «գորշ կարդինալ» անվան տակ հայտնի Ռամիզ Մեհտիևը այսօր հրաժարական է ներկայացրել Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահի պաշտոնից: Նա իր հրաժարականի տեքստում հայտարարել է, որ այսուհետ նստելու է տանը և գրքեր է գրելու:

Առաջին հայացքից անկարևոր այս լուրը հետաքրքիր նյուանսեր է պարունակում: 84-ամյա Մեհտիևը Նախիջևանյան կլանի առաջնորդն է, ով 1994–ից մինչև 2019 թվականը զբաղեցրել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իլհամ Ալիևի կառավարման առաջին տարիներին ընդունված էր համարել, որ Մեհտիևն է փաստացի ղեկավարել երկիրը:

Մեհրիբան Ալիևան՝ 2017 թվականին առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո արշավ սկսեց Մեհտիևի և Նախիջևանյան կլանի այլ ներկայացուցիչների դեմ: Դա կլանային պայքար էր, որի շնորհիվ Փաշաևները նոր լծակներ ձեռք բերեցին պետական համակարգում: Արդյունքում, 2019–ին Մեհտիևը հրաժարական տվեց՝ իր տեղը զիջելով Փաշաևների կլանի երիտասարդ կադրին: Այդուհանդերձ, Մեհտիևը արժանացավ պարգևների Իլհամ Ալիևի կողմից և ուղարկվեց վաստակած հանգստի՝ զբաղեցնելով ԳԱԱ Նախագահի պաշտոնը:

Երկար ժամանակ Մեհտիևի թեման համարվում էր փակված, սակայն օրեր առաջ անսպասելիորեն նոր արշավ մեկնարկեց Մեհտիևի դեմ, որի ժամանակ Միլլի Մեջլիսի պատգամավորներից մեկը նշեց՝ «Մեհտիևը հայկական ընտանիք ունի, և նա մշտապես ծառայել է հայերին և նրանց ռազմավարական նպատակներին»:

Սա աննախադեպ մեղադրանք է 25 տարի պետական բարձր պաշտոն զբաղեցրած, «գորշ կարդինալ» մականունով հայտնի Մեհտիևի նկատմամբ, ով, ի դեպ, իր «գիտական» աշխատություններում և հանրային խոսքում ակնհայտ կեղծարարությամբ է զբաղվում՝ հատկապես հայերի հետ առնչվող դրվագներում: Ուստի, հայերի շահերը սպասարկելու մեջ մեղադրելու իրական որևէ առիթ չկա, փաստերը խոսում են նրա ընդգծված հակահայկականության մասին:

Բայց հայ լինելու մեջ մեղադրելը լավ և վճռական միջոց է Ադրբեջանում մարդուն «անարգելու» համար: Մեհտիևը դրանից երկու օր անց հրաժարական տվեց: Արդեն քննարկվում է, թե արդյոք առաջիկայում կձերբակալեն 84–ամյա Մեհտիևին:

Պատահական չէ, որ պատերազմից հետո Ալիևի բոլոր այցերի ժամանակ նրան գերազանցապես ուղեկցում է «կամուֆլյաժ» համազգեստով նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, այլ ոչ թե որևէ զինվորական բարձրաստիճան ներկայացուցիչ:
Սա Փաշաևների կլանի հերթական հաջողությունն է արձանագրում Ադրբեջանում»:

--00--ԱՀ