Դատախազությունը չի ծանուցվել Երևանի պահանջով կալանավորված Միլե Միլենկովսկու ազատման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 8,  24 News

Միլենկովսկի

Հայաստանի դատախազությունը պաշտոնապես չի ծանուցվել Սերբիայի դատարանի այն որոշման մասին, որը վերաբերում է Երևանի պահանջով ամիսներ առաջ կալանավորված՝ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի առաքելության ղեկավարի տեղակալ Միլե Միլենկովսկուն ազատվելուն։

Տեղեկությունը «Լուրերին» հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ Սերբիայում 5 ամիս առաջ կալանավորված դիվանագետը այդ երկրի դատարանի որոշմամբ ազատ է արձակվել օրեր առաջ: Դատարանը նաև մերժել է նրան արտահանձնել Հայաստանին։

Ըստ Աբրահամյանի՝ արտահանձնման նպատակով սերբական կողմին ներկայացվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ներառյալ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման հիմնավորումները։

Ըստ մեղադրանքի՝ Միլենկովսկին օգնել էր Հայաստանից փախչել գործարար Բրանիսլավ Դիմիտրիևիչին, որը մեղադրվում է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական ծրագրերում խոշոր չափի յուրացում կատարելու համար։

 --00—ՄՀ