Դատավոր Բախշիյանի փաստաբանները Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

տռռեգտեռգ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով հեռացել է խորհրդակցական սենյակ:

Բախշիյանի փաստաբանները Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Դատարանի որոշումը կհրապարակվի  վաղը՝ ժամը 10:00-ին:

Դատավոր Բորիս Բախշիյանը մեղադրվում է անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Խոսքը Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով անցնող անձանցից մեկին կալանավորելու մասին է: Անձը, ինչպես նաև նրա փաստաբանը չեն ներկայացել նշանակված դատական նիստին, փաստաբանը դատարան գրություն է ուղարկել այն մասին, որ ինքը չի ներկայանալու, իսկ պաշտպանյալն առանց իր ներկայության ցանկություն չի հայտնել ներկայանալ:

Բորիս Բախշիյանն էլ որոշել է փոխել ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունն ու նրան կալանավորել, շաբաթներ անց, սակայն, դատավորը ամբաստանյալի խափանման միջոց կալանավորումը փոխել է ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:

Հիշեցնենք` հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։
Խորհուրդը միաձայն որոշել է ներկայացված երկու միջնորդությունը բավարարել:

Դատավորների միությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ դատախազության և ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական հետապնդում իրականացնելու և անձեռնմխելիությունից (այդ թվում անձնական ազատությունից) զրկելով զուգորդված քրեական հետապնդում իրականացնելու գործընթացի հետ կապված, որը պայմանավորված է դատավորի գործունեության հետ։

Հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել:

Բորիս Բախշիյանը քննում է նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը:

Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են. նման որոշում է կայացրել ԲԴԽ-ն։

 

--00--ՍԳ