Արցախն ընդունելու է, որ տեղի է ունեցել օկուպացիա. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

,

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի օկուպացված տարածքների մասին» օրենքի նախագիծը Արցախի խորհրդարանում առաջին ընթերցմամբ կքննարկվի փետրվարի 16-ի նիստում, ապա անցնելու դեպքում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ կքննարկվի արդեն փետրվարի 20-ին: Սա այն եզակի դեպքերից եւ նախագծերից է, երբ հեղինակները ԱԺ բոլոր հինգ խմբակցություններն են:

«Ժողովուրդ» օրաթերթին մի քանի մանրամասներ են հայտնի դարձել նախագծից: Նախ՝ նկատենք, որ այս նախագծի անհրաժեշտությունն առաջացել է 44-օրյա պատերազմից հետո, երբ Արցախի մեծ մասն օկուպացվեց Ադրբեջանի կողմից, եւ այժմ օրենքի նախագծում մանրամասն նշվելու են այդ հանգամանքները, դրանց հետեւանքները եւ օկուպացված տարածքները:

Այսինքն՝ Արցախն ընդունելու է, որ տեղի է ունեցել օկուպացիա, եւ այդ մասին օրենք է ընդունելու՝ նշելով տեղանունները, տարածքները, վեր հանելով նաեւ փախստական անձանց խնդիրները։ Առաջին հերթին խոսքը վերաբերում է Հադրութից տեղահանված մարդկանց կարգավիճակին: Բացի այդ, օրենքում բարձրացվելու են մշակութային, պատմական ժառանգության խնդիրներ, որոնք այժմ առկա են: Հավելենք, որ օկուպացիայից հետո այսպիսի նախագծերի մշակումն ու ընդունումը միջազգային ընդունված պրակտիկա է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն շրջանառության մեջ է դրված բոլոր խմբակցությունների կողմից, այն միանշանակ կընդունվի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ