ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կստորագրի Արմեն Սարգսյանի հրաժարականը փետրվարի 1-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Քաղաքական

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կստորագրի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը ոչ թե երկուշաբթի, այլ վաղը՝ փետրվարի մեկին, եթե, իհարկե, մինչև օրվա վերջ նա հետ չվերցնի դիմումը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Ըստ Խաչատրյանի՝ եթե այսօրվա ընթացքում նախագահը գրավոր դիմումով ետ չվերցնի հրաժարականի մասին դիմումը, ապա վաղն առավոտյան 09։00-ին կհրապարակվի հրաժարականի մասին արձանագրությունը, և այդ մասին հայտարարություն կլինի։

Հունվարի 23-ին Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց հրաժարական տալու որոշման մասին՝ պատճառներից մեկը նշելով քաղաքական իրադարձությունների վրա ազդելու համապատասխան գործիքների պակասը։ Հաջորդ օրը՝ հունվարի 24-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստի սկզբում հայտարարեց Արմեն Սարգսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելու մասին։ Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից ընտրված կամ նշանակված մյուս պաշտոնատար անձինք հրաժարականի մասին իրենց գրավոր դիմումը պաշտոնապես ներկայացնում են Ազգային ժողովի նախագահին, ով այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։

«Ազգային ժողովի կանոնակարգի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով՝ հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում-հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:

Սահմանադրության 144-րդ հոդվածի համաձայն՝ (Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը) Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է ԱԺ նախագահը: Սահմանադրության 126-րդ հոդվածի (Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը) համաձայն՝ պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (2021 թվականի օգոստոսի 4-ից) Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։ Խաչատուրյանը նախկինում զբաղեցրել է նաև այլ պետական բարձր պաշտոններ՝ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ կամ Երևանի քաղաքապետ (1992-96 թթ.), ՀՀ նախագահի խորհրդական (1996-98)։

Սահմանադրության 124-րդ հոդվածի համաձայն՝ նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով, կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք, նույն անձը կարող է ընտրվել միայն մեկ անգամ, իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ:

--00--ԿԿ