Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարը հրաժարական է տվել Դնեպրում կրակոցներից հետո

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

․

Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար Նիկոլայ Բալանը հրաժարական է տվել ազգային գվարդիականի կողմից իր գործընկերներին Դնեպրում գնդակահարելու դեպքից հետո, գնդի հրամանատարությունը հեռացվել է ծառայությունից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Բալանը:

Ավելի վաղ Ուկրաինայի ներքին գործերի ծառայության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի զինծառայողը Դնեպրի մեքենաշինական գործարանի տարածքում կալաշնիկով ինքնաձիգից կրակել է զինծառայողների պահակախմբի վրա, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, ևս 5-ը վիրավորվել է:

Դրանից հետո զինծառայողը զենքով դիմել է փախուստի։ Քրեական գործ է հարուցվել, զինծառայողին սպառնում է մինչև 15 տարի կամ ցմահ ազատազրկում։

«Հաշվի առնելով, որ հրամանատարը պատասխանատու է ցանկացած գործողության համար, այսօր առավոտյան ես զեկուցագիր գրեցի ներքին գործերի նախարարին և միջնորդություն Ուկրաինայի նախագահին՝ Ազգային գվարդիայի հրամանատարի պաշտոնից հրաժարականի համար»,-ասել է Բալանը:

--00--ԱՀ