Թալինում ընդդիմությունը դատի է տվել ընտրական հանձնաժողովին․ ավագանու մանդատ է պահանջում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, 24News

Հասարակական

Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցությունները դատական հայց են ներկայացրել տարածքային ընտրական հանձնաժողովի դեմ՝ ավագանու անդամի մանդատը ցուցակում հաջորդին փոխանցելու պահանջով։ Այս մասին 24News-ին ասաց «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանը։

Թալին խոշորացված համայնքում դեկտեմբերի 17-ին ավագանու ձայների մեծամասնությամբ համայնքապետ էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տավրոս Սափեյանը, ով քվորում չլինելու պատճառով մինչ օրս չի երդվել՝ ստանձնելու համար լիազորությունները։ Դեկտեմբերի 17-ին ինչ-որ ճնշումների հետևանքով «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանը քվեարկել էր ՔՊ-ական Սափեյանի օգտին։ 

Զոհրաբյանն ասաց, որ Գրիգորյանը ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել հունվարի 17-ին, սակայն տարածքային ընտրական հանձնաժողովը մանդատը չի տրամադրում կուցակցության հաջորդ թեկնածուին։ «Հիմա մանդատի փոխանցումը դժվարացնում են, որպեսզի 3 ուժերից կազմված դաշինքը մեծամասնություն չլինի ավագանու նիստի ժամանակ։ Ասում են՝ «քանի որ համայնքի ղեկավարը չի երդվել, հետևաբար լիազորությունները չի ստանձնել, իսկ ընթացակարգի համաձայն՝ նա պետք է արձանագրություն կազմի, ուղարկի ՏԸՀ»։ Այսպես արհեստական խնդիրներ են ստեղծում, մենք հիմա դա փորձում ենք հաղթահարել։ Զուգահեռաբար էլ նաև քվորում չի լինում, Սափեյանը չի կարողանում երդվել ու ստանձնել լիազորությունները։ Բողոքարկվել է ԿԸՀ-ին, նա մերժել է, հիմա բողոքարկել ենք դատարան», - նշեց «Զարթոնքի» ղեկավարը։

Զոհրաբյանն ասաց, որ վարչական դատարան ներկայացված հայցով պահանջում են պարտավորեցնել մանդատը փոխանցել նոր անդամին, պատասխանող կողմ են՝ կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովները, դատական նիստը նշանակված է փետրվարի 4-ին։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը 24News-ին ասաց, որ մանդատը փոխանցելու համար պիտի արձանագրություն ուղարկի համայնքը, ոչ թե մանդատից հրաժարվելու դիմում․ «Արձանագրություն այն մասին, որ դադարեցվել են ինչ-որ մեկի լիազորությունները։ Նույն բանն է, որ մեզ Ազգային ժողովից ոչ թե արձանագրություն ուղարկեն, որ պատգմավորի լիազորությունները դադարեցվել են, այլ այն մասին, որ այս ինչը ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում: Դրանք նույն բաները չեն»։

«Եթե տարածքային ընտրական հանձնաժողովը ստանա արձանագրություն այն մասին, որ ինչ-որ մի ավագանու անդամի լիազորությունները դադարեցվել են, ապա ՏԸՀ-ը կտա հաջորդին։ ՏԸՀ-ն լիազորություն չունի քննելու՝ որքանո՞վ է այդ փաստաթուղթը իրավական կամ ոչ իրավական», - եզրափակեց Արմեն Սմբատյանը։

--00--ԿԿ

Տեսանյութեր