Բադասյանը ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչին ներկայացրել է ՊԵԿ-ի բարեփոխումների օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 28, 24News

նկար

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հունվարի 26-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին, տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կողմերն ընդգծել են, որ Պետական եկամուտների կոմիտեի և ՄԱԶԾ համագործակցությունն ունի երկար տարիների փորձ և ՀՀ ՊԵԿ-ը մշտապես բարձր է գնահատել այդ համագործակցությունը, որն արտահայտվում է ՄԱԶԾ կողմից տարբեր ծրագրերի շրջանակներում ցուցաբերած աջակցությամբ, մասնավորապես, Բագրատաշենի, Գոգավանի և Բավրայի սահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացմամբ, Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթի մշակման հարցում։

Ռուստամ Բադասյանը մշտական ներկայացուցչին ներկայացրել է ՊԵԿ-ի՝ առաջիկա տարիների բարեփոխումների օրակարգը` կարևորելով սահմանային մաքսային անցակետերի արդիականացումը, մաքսային ձևակերպումների ընթացակարգերն ամբողջությամբ էլեկտրոնային դարձնելու հանձնառությունը, ինչպես նաև նոր որակի մաքսային ծառայողների վերապատրաստման և նրանց ընտրության նոր չափանիշների մշակման տեսլականը:
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր պատրաստակամությունն է հայտնել՝ ցուցաբերելու գործուն աջակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բարեփոխումների իրականացման գործում:

--00—ԼՄ