Արցախի քաղաքական ուժերի ներկայացուցիչները կըդնգրկվեն պետական ֆինանսական կառույցներում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 27,  24 News

Արցախ

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները կընգրկվեն պետական ֆինանսական կառույցներում։ Երեկ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։

Խորհրդակցությունը կայացել է գործադիր իշխանության պատասխանատուների, Արցախի ներդրումային, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների, «Ֆիդես հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպության և Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հարությունյանը նշել է, որ, իր կողմից որդեգրած քաղաքականության համաձայն` թափանցիկ գործելաոճի և հավասար հնարավորությունների ստեղծմանն ուղղված ջանքերի գործադրման շրջանակներում էլ վերոնշյալ ֆինանսական կառույցների հոգաբարձուների խորհուրդներում այսուհետ կընդգրկվեն նաև խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

«Նպատակը պետական քաղաքականության շրջանակում ֆինանսական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողության և թափանցիկության մակարդակի բարձրացումն է: Քաջատեղյակ եմ, որ հանրության շրջանում այս առումով ձևավորված են տարբեր մտահոգություններ, և դրանք փարատելու համար մեր քաղաքացիներն իշխանություններից սպասում են գործնական քայլեր: Կարծում եմ՝ խորհրդարանական ուժերի ներգրավվածությունն այս գործընթացում լավագույն ձևաչափերից մեկն է արդարության և վստահության ավելի մեծ միջավայր ձևավորելու համար»,- ասել է Հարությունյանը։

Նա, միևնույն ժամանակ, հանձնարարել է նշյալ ֆինանսական կազմակերպությունների ղեկավարներին ավելի հրապարակային ու թափանցիկ կերպով աշխատել հանրության ու լրատվամիջոցների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հետպատերազմյան ժամանակահատվածում երկրի տնտեսության վերականգնման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։

--00—ՄՀ