Ադրբեջանցիները սյունեցու մոտ 20 միլիոնի ոչխարները չվերադարձնելու պատճառ են նշել, հովիվը հերքում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News

Հասարակական

Ադրբեջանցիները չեն վերադարձնում Տեղ համայնքի բնակչի ոչխարի հոտը՝ պատճառաբանելով, որ նա վերադարձնելու պահանջ չի ներկայացրել։ Այս մասին 24News-ին ասաց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Հունվարի 13-ին ադրբեջանցի զինվորականները գերեվարել էին Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթևոսյանին, սակայն որոշ ժամանակ անց վերադարձրել էին, պահելով ոչխարները։ «Ադրբեջանական կողմը պատճառաբանում է, որ հովիվը թղթի վրա գրել է, որ «պարտք ու պահանջ չունեմ», - նշեց Ղուլունցը։

Համայնքապետի խոսքերով՝ հովիվը չի նշել, որ հետ է պահանջում ոչխարները։ «Ադրբեջանական կողմը ռուսական հրամանատարությանը տեղյակ է պահել, թե հովիվը գրել է, որ պահանջ չունի։ Թե ի՞նչ իմաստով պահանջ չունի, չեմ կարող ասել», - ընդգծեց Դավիթ Ղուլունցը։

Ըստ որոշ տեղեկությունների՝ ադրբեջանցիները ոչխարները պահում են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանք գյուղում։ «Իրենց գյուղ են տարել, մի հատ գյուղ ունեն, լսելով, որ էլի անասուն են պահում այդ տարածքում։ Նախկինում հայերն էին ապրում, Ծիծեռնավանք գյուղում։ Հույս ունենք, որ ոչխարները կվերադարձնենք, բանակցություններն ընթանում են», - եզրափակեց Տեղի համայնքապետը։

Սուրիկ Մաթևոսյանը 24News-ին ասաց, որ ադրբեջանական կողմը ստում է։ «Ես ո՛չ գրություն եմ թողել, ո՛չ ստորագրություն եմ թողել, էդպիսի բաներ չեն եղել։ Մենակ իրենք ինձ ասել են՝ «որտեղի՞ց ես», ասել եմ՝ «Տեղ գյուղից եմ», «որտե՞ղ ես ապրել, կռվին մասնակցե՞լ ես», ասել եմ՝ «չէ»։ Էդպիսի բաներ են եղել, բայց չի եղել, որ ոչխարից ատկազ եմ կանգնում, «ոչխարի» անուն չեն տվել։ Իրենք ոչխարը հաշվել են, ասել են՝ էդքան ա, ասել եմ՝ հա, էդքան ա։ Ինձ բերել են ռուս խաղաղապահների մոտ, ռուս խաղաղապահն ինձ կանչել-ասել է՝ «քեֆիդ կպե՞լ են, բան ե՞ն արել», ասել եմ՝ «չէ», ասել եմ՝ «ոչխարը թողել եմ իրանց մոտ»։ Ռուսին էլ եմ ասել, որ ոչխարս մնացել ա իրանց մոտ, ռուսն էլ ասել ա՝ «կարևորը ոչխարդ չի, կարևորը դու ես», թուրքն էլ լսում էր։ Ասեցի՝ «բա՞ ոչխարը», ասեց՝ «ոչխարի համար էլ կմտածենք, էդ հարցով կզբաղվենք», - մանրամասնեց նա։

Նա նշեց, որ վերադարձնելիս իրեն տարել են Գորիսում տեղակայված ռուս խաղաղապահների մոտ․ «Գորիսից խաղաղապահը եկել է, թուրքերը ինձ բերել են Զաբուղի [ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված Արցախի Սուս գյուղական համայնք] վերևը, Գորիսի խաղաղապահը եկել է, ինձ վերցրել-բերել է մեր գյուղ»։

Տեղի բնակիչը նշեց, որ գերեվարելուց հետո ադրբեջանցիներն իր աչքերը կապել են, տեղյակ չէ, թե ուր են քշել-տարել ոչխարի հոտը։ Հովվի խոսքերով՝ հոտում 160 ոչխար է եղել, մոտ 140 գառ (մոտ 20 միլիոն դրամի)։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Տեղ գյուղի բնակիչ, 1969 թվականին ծնված Սուրիկ Մաթևոսյանը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցնելիս է եղել իր ոչխարներին։ Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով նրան, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150 մետր, և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել էին դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղղությամբ` իրենց հետ տանելով նաև ոչխարի հոտը: Հովիվը նույնը օրը ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձել էր, սակայն ադրբեջանական կողմը մինչ օրս չի վերադարձել ոչխարները։

--0--ԿԿ