«Anadolu» գործակալությունն Անիի մասին հոդվածում ոչինչ չի նշում քաղաքի հայկական անցյալի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 24,  24 News  

թուրքիա

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել Անիի վերաբերյալ։ Հոդվածում, սակայն, որևէ բառ չի նշվում քաղաքի հայկական անցյալի մասին։ Նշվում է, որ Անիի ավերակները նաև ձմեռային օրերին են գրավիչ օտարերկրացի և տեղացի զբոսաշրջիկների համար։ Անին այցելուներին այժմ ընդունում է ձյունածածկ գեղեցկությամբ։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

«ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի ավերակները Կարսում են։ Արփաչայի (Ախուրյան-խմբ․) երկու խոր կիրճերի մեջտեղում գտնվող Անին, որը 884-1045 թթ․ կառավարվել է Բագրատունիների, 1045-1064 թթ․՝ բյուզանդացիների կողմից, 1064թ․ օգոստոսի 16-ին նվաճվել է սուլթան Ալփարսլանի կողմից  և կցվել Սելջուկյան պետության տարածքներին։

Անիում, որը կառուցվել է շուրջ 100հա հողատարածքի վրա և որտեղ պատմության ընթացքում գոյություն են ունեցել բազմաթիվ քաղաքակրթություններ, քրիստոնյաները և մուսուլմանները նախկինում ապրել են կողք-կողքի»,- նշված է հոդվածում։

Հարկ է նշել, որ թուրքական պետական գործակալությունն Անիի մասին հրապարակումներում խուսափում է հայերի մասին որևէ հիշատակումից արդեն տարիներ շարունակ։ Դեռևս 2014 թվականին այդ մասին «Ակոս» թերթում գրել էր Սերդար Քորուջուն՝ ««Anadolu» գործակալությունը պատմության միջից ջնջել է հայերին» վերտառությամբ հոդվածում։ Դրանում ընդգծվել էր, որ 2008-ին Թուրքիայի մշակույթի նախարարությունը, Անիի մասին ծանուցող բովանդակությամբ ինտերնետային կայք ստեղծելով, խուսափել էր «հայ» բառի գործածումից:

Ստորև ներկայացված են հայկական երբեմնի ծաղկուն ու շեն բերդաքաղաքի՝ օրերս արված լուսանկարները, որոնք հիշյալ հոդվածում հրապարակել է «Anadolu»-ն։

Հիշեցնենք, որ Անին եղել է Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքներից մեկը: Քաղաքի տարածքը բնակելի է եղել անհիշելի ժամանակներից: Անին ունեցել է զարգացման 3 շրջան՝ Կամսարականների, Բագրատունիների (X-XI դդ) և Զաքարյանների (XII-XIV դդ)։ Հայտնի է եղել «Հազարումի եկեղեցիների քաղաք» և «Արևելքի մարգարիտ» անվանումներով:

Միջնադարյան Հայաստանի պատմության մեջ Անին բացառիկ դեր է կատարել ոչ միայն որպես քաղաքական ու հոգևոր կենտրոն` թագավորանիստ և կաթողիկոսանիստ, այլև քաղաքային կյանքի, տնտեսության, արհեստների ու առևտրի, մշակույթի և արվեստի զարգացման առաջնակարգ վայր: Պատահական չէ, որ այս քաղաքի պատմության և մշակութային ժառանգության ուսումնասիրությունը հայագիտության մեջ առանձին անունով կոչվում է «անիագիտություն»:

 --00—ՄՀ