Ընդդիմությունը կքննարկի Սարգսյանի հրաժարականն ու նախագահի թեկնածու առաջադրելու հավանականությունը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News

վանեցյան

Ընդդիմադիր քաղաքական ուժերն ամենայն հավանականությամբ առաջիկայում կքննարկեն Արմեն Սարգսյանի հրաժարականն ու նախագահի թեկնածու առաջադրելու հավանականությունը։ Այս մասին կիրակի՝ ուշ երեկոյան, ՏԱՍՍ ռուսաստանյան գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։ 

«Այս պահին դեռ շուտ է խոսել ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հավանականության մասին։ Առաջիկա օրերին քաղաքական կուսակցություններն ամենայն հավանականությամբ կանցկացնեն խորհրդակցություններ և կքննարկեն այս ուղղությամբ կատարվելիք քայլերը։ Երբ ու եթե ընդդիմության շրջանում ձևավորվի միասնական մոտեցում, մենք դրա մասին տեղյակ կպահենք հասարակությանն ու կանցնենք այս հարցի հրապարակային քննարկումներին», - ասել է Վանեցյանը։ 

Գնահատելով Արմեն Սարգսյանի պաշտոնավարումը՝ ընդդիմադիր գործիչը նշել է, որ նախագահը չէր մասնակցում երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրների լուծման գործընթացին։

«Դժվար է գնահատել բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի հրաժարականը, որը, լինելով, ըստ սահմանադրության, երկրի գլուխը, չէր կատարում իր գործառույթները և չէր մասնակցում պետության ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործընթացին», - նշել է Վանեցյանը։ 

ԱԱԾ նախկին պետը, մեկնաբանելով Սարգսյանի հրաժարականի տեքստը, հավելել է, որ «թաքնվելով իրավասությունների բացակայության ձևակերպման հետևում, արդեն նախկին նախագահը գործնականում խուսափում էր իր վրա վերցնել պատասխանատվություն երկրի համար ճակատագրական պահերին»։

«Արմեն Սարգսյանի հրաժարականի հնարավոր պատճառներն ընդհանուր ոչինչ չունեն հայ ժողովրդի կամ պետության շահերի հետ, իսկ անձնական մոտիվները մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում», - հավելել է նա։ 

Նախագահ Արմեն Սարգսյանը, որն այս օրերին Լոնդոնում է, կիրակի՝ ուշ երեկոյան, հայտարարել էր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ նրա հրաժարականը համարվում է ընդունված, երբ ԱԺ-ն օրենքով սահմանված կարգով հայտարարում է այդ մասին։ Սարգսյանի հրաժարականից հետո երկրի նախագահի գործառույթները կիրականացնի ԱԺ խոսնակը, իսկ նոր նախագահ խորհրդարանը կընտրի պաշտոնական հրաժարականից ոչ շուտ քան 25 և ոչ ուշ քան 35 օր հետո։ Հանրապետության նախագահն ընտրվում է 7 տարի պաշտոնավարման ժամկետով։

--00—ԼՄ