Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 22, 24News

ղզցղզց

Հունվարի 21-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ներկայացրել է ՄԱԿ-ի 2021 թ․ գործունեության վերաբերյալ զեկույցը։

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը՝ անդրադառնալով կազմակերպության գործունեությանը և գերակայություններին։

Մհեր Մարգարյանը, մասնավորապես, նշել է, որ բազմակողմանիության առջև ծառացած մարտահրավերները ցույց են տալիս ՄԱԿ-ի դերակատարության մեծացման անհրաժեշտությունը՝ միջազգային իրավունքի և իր հիմնարար արժեքների պաշտպանության գործում։ Որպես ահագնացող նոր միտումներ՝ մատնանշվել են միջազգային իրավունքի աղավաղումն ու նենգափոխումը՝ ուժի կիրառման, ինքնության հիմքով հանցանքների, ինքնորոշման իրավունքի ճնշման և պատերազմներից տուժած հանրություններին միջազգային հանրությունից մեկուսացնելու փորձերը։

Նշվել է, որ, չնայած գլոբալ զինադադարի վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին՝ այս նախաձեռնությունն իրականություն չի դարձել և «մեր տարածաշրջանում 2020 թ․ աշնանը մենք ականատես ենք եղել Լեռնային Ղարաբաղի դեմ բիրտ ագրեսիայի, ինչը բազում մահերի, բնակավայրերի ամբողջական ավերման, կենսական ենթակառուցվածքների ոչնչացման և խոշոր հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել»։

Ընդգծվել է, որ Արցախի ժողովուրդը մինչ այսօր շարունակում է կրել ագրեսիայի հետևանքները, իսկ Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի խոչընդոտումն ու քաղաքականացումը թույլ չեն տալիս ՄԱԿ-ին համապարփակ հումանիտար աջակցություն ցուցաբերել տուժած բնակչությանը։

Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Covid-19 համավարակի առողջապահական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և մյուս հետևանքների հաղթահարման գլոբալ ջանքերը համակարգելու ու առաջնորդելու հարցում ՄԱԿ-ի դերակատարությանը։

Կայուն զարգացման նպատակների իրագործման համատեքստում ընդգծվել է դեպի ծով ելք չունեցող երկրների կարիքներին առավել մեծ ուշադրության հատկացման անհրաժեշտությունը։

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն աջակցություն է հայտնել նաև գլխավոր քարտուղարի կողմից բարեփոխումների օրակարգն առաջ մղելու ջանքերին՝ ուղղված ՄԱԿ-ի համակարգի ճկունության, ներդաշնակության և արդյունավետության բարձրացմանը։

 

--00—ՍԳ