Ղազախստանը պատրաստ է քննարկել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

․

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը:

Նախարարն անդրադարձել է COVID-19-ի համավարակով պայմանավորված իրավիճակին, նոր ալիքի բռնկմանը` վնասակար հետևանքներով, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներին ու պատվաստումների ակտիվ գործընթացին:

Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերներին Հայաստանում COVID-19 համավարակի դեմ տարվող աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու, ինչպես նաև առաջացած խնդիրներին արագ արձանգանքելու համար:

«Շատ եմ կարևորում հայ-ղազախական գործակցությունը, որով երկկողմ բարեկամական հարաբերություններն է՛լ ավելի կամրապնդվեն նոր հեռանկարների, նոր հնարավորությունների և համատեղ ծրագրերի իրականացման ճանապարհին»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Դեսպանը ներկայացրել է, որ Ղազախստանն արդեն իսկ COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրություն ունի և պատրաստակամություն է հայտնել քննարկելու Հայաստանին տրամադրելու հնարավորության հարցը: