Մենք մտածում ենք 500 մեգավատտ հզորությամբ կայանի մասին, որը Հայաստանի համար հսկայական է․ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

«Աբու Դաբի կայունության շաբաթ» (ADSW) միջազգային հեղինակավոր ֆորումի՝ «ADSW Talks»-ի հարցազրույցների շարքում հրապարակվել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցը՝ կայունության կարևորության, Հայաստանի կողմից կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ իրականացվող քայլերի, կայուն ապագայի և այլ հարցերի շուրջ.

Հարց - Ինչու՞ է կայունությունն այդքան կարևոր:

- Կայունությունը ենթադրում է կանխատեսելիություն, հաստատունություն, աճ, ապագայի կերտում: Շատերը կարծում են, որ COVID-ի պատճառով է աշխարհը փոխվել, սակայն ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ COVID ունենք: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ մենք ունենք պոպուլիզմ: Աշխարհը փոխվել է, և ա՛յդ պատճառով է, որ մենք այսօր ունենք քաղաքական գործիչներ, որոնք փոխկապակցված են զվարճանքի (entertainment) հետ: Աշխարհը փոխվել է և այդպես շարունակ... Աշխարհի փոփոխության արդյունքում անկանխատեսելիության, անկայունության զգացում է առաջացել:

Հարց - Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի՞ հիմնարար քայլեր է ձեռնարկում կլիմայական փոփոխությունների խնդրի առնչությամբ:

- Հայաստանը «Մասդար»-ի հետ համագործակցությամբ արդեն իսկ կառուցում է առաջին արևային էլեկտրակայանը, և, հույս ունենք, ապագայում կկառուցի երկրորդը՝ ընդհանուր առմամբ 400 մեգավատտ հզորությամբ: Մենք մտածում ենք նույնիսկ մեկ այլ ՝500 մեգավատտ հզորությամբ կայանի մասին, որը Հայաստանի նման փոքր երկրի համար հսկայական է:

Հարց - Ինչպիսի՞ լուծումներ է հնարավոր գտնել՝ կլիմայական փոփոխությունները հաղթահարելու համար:

- Մենք բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, և կապ չունի, թե կլիմայական փոփոխության հետ կապված ինչպիսի դրական գործունեություն ես ծավալում, քանի որ եթե թեկուզ մեկ ծառ ես տնկում, ապա այն թթվածին է արտազատում ամբողջ մոլորակի համար: Այդպիսով՝ քո և՛ բացասական, և՛ դրական գործունեությունը կարող է գլոբալ մակարդակով ազդեցություն ունենալ:

Ուստի, ես հանդես եկա առաջարկությամբ, Հայաստանում մենք մշակել ենք մաթեմատիկական և ֆինանսական մոդելները: Հայերս լավ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ ենք. ի դեպ, ես այն քիչ նախագահներից եմ, որը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է: Մենք մշակել ենք ձևը, թե ինչպես կարելի է բացասականը վերափոխել դրականի, թե ինչպես կարող ես լինելով փոքր երկիր՝ մեծ երկրի նկատմամբ ունեցած ֆինանսական պարտքդ վերափոխել ի նպաստ կլիմայի: Ավելի պարզ ասած՝ եթե ես փոքր երկիրն եմ և քեզ պարտք եմ, իսկ դու՝ մեծ երկիր ես և պետք է միջազգային հանրությանը վճարես կլիմայի փոփոխության մասով քո պարտավորությունը: Քեզ ժամանակ է հարկավոր քո արտազատած ածխաթթու գազն էկոլոգիապես ավելի մաքուրի վերափոխելու համար: Այս պարագայում ես իմ աջակցությունն եմ առաջարկում. եթե ես քեզ 100 միլիոն դոլար եմ պարտք, իսկ դու փնտրտուքի մեջ ես, ինչպես կատարել միջազգային հանրության առջև կլիմայի փոփոխության մասով քո պարտավորություն, ես քեզ առաջարկում եմ 100 միլիոն դոլար պարտքը վճարելու փոխարեն այդ գումարին համարժեք ծառ տնկել Հայաստանում: Կլիմայի փոփոխության ոլորտում իրականացված այդ 100 միլիոն դոլարին համարժեք իմ դրական գործունեությունը ես տալիս եմ քեզ, որը դու կարող ես ներկայացնել միջազգային քո պարտավորությունների շրջանակում: Ես այդ գործունեության կարիքը չունեմ, որովհետև CO2 չեմ արտանետում մթնոլորտ: Այդպիսով՝ մենք փոխանակում ենք կատարում՝ գումար տալու փոխարեն ես քեզ տալիս եմ կրեդիտ:

Հարց - Ինչպե՞ս է «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ը (ADSW) նպաստում կայունության վերաբերյալ միջազգային համագործակցության խորացմանը:

- Շատ կարևոր էր, որ այս շաբաթվա ընթացքում հնարավորություն էր ընձեռվել մեր մոլորակն ավելի կայուն և կանխատեսելի դարձնելու ուղիներ փնտրել ու գաղափարներ հղանալ: Այդ իսկ պատճառով է, որ, եթե չեմ սխալվում, արդեն երկրորդ կամ երրորդ անգամն եմ մասնակցում այս համաժողովին՝ իմ փոքր ներդրումն ունենալով հատկապես երիտասարդ սերնդին աջակցելու գործում՝ ավելի լավ, կանխատեսելի, կայուն աշխարհ կառուցելու համար:

Հարց - Ինչպիսի՞ ուղերձ կհղեք երիտասարդ սերնդին կլիմայական փոփոխությունների վերաբերյալ:

- Շատ աշխատեք, ավելի շատ սովորեք, երիտասարդ եղեք ձեզ ամբողջ կյանքի ընթացքում: Երիտասարդ լինել նշանակում է ամեն օր նոր բան սովորել: Կարող ես 90 տարեկան լինել, սակայն եթե ամեն օր խանդավառությամբ նոր բան ես սովորում, ապա երիտասարդ ես: Կարող ես լինել 20 տարեկան, սակայն եթե հետաքրքրություն չցուցաբերս քո շուրջը կատարվողի նկատմամբ, պատրաստ չլինես սովորել, ապա երիտասարդ չես լինի: Մշտապես մնացեք երիտասարդ: Ամեն օր նոր բան սովորեք և եղեք ազատ: Երբեք ամեն ինչ մի ընդունեք այնպես ինչպես կա, մշտապես հարցեր տվեք և գտեք ձեր պատասխանները: Միշտ հիշեք, որ բոլոր լուծումները թեև տեխնոլոգիաների, գիտության միջոցով են, սակայն մեր հիմնական գործիքն ուղեղն է: Ինչպե՞ս ստացվեց, որ ավելի քան 100 տարի առաջ հանճարեղ գիտնականները կարողացան լուծել տարրական մասնիկների վարքագծի հետ կապված խնդիրները: Նրանք բոլորը շփոթված էին: Նյուտոնի տեսությունը չէր աշխատում էլեկտրոնների և պրոտոնների դեպքում: Ինչպե՞ս նրանք լուծեցին այդ խնդիրը: Նրանք փոխեցին իրենց դատողությունը, տրամաբանությունը, մոտեցումները և տեսլականը: Նրանք նույն խնդիրը դիտարկեցին բոլորովին այլ տեսանկյունից: Երբեմն դու պետք է փոխես քո դատողությունը, քո տրամաբանության սկզբունքները, և այդ դեպքում հնարավոր է ինչ-որ բանի հասնել: Եղեք ազատ, մի վախեցեք դիմագրավել մարտահրավերներին և փոփոխություններին:

Հարց - Երբ խոսվում է կայունության մասին, ո՞րն է Ձեր ցանկությունը ապագայի համար:

- Իմ անունը Արմեն Սարգսյան է, և ես արդեն իսկ անցել եմ կյանքի չորս փուլերով: Առաջին փուլում գիտնական էի, մաթեմատիկայի և ֆիզիկայի պրոֆեսոր: Երկրորդում ես դիվանագետ էի, այնուհետև՝ վարչապետ: Երրորդ փուլում ազատ մարդ էի, բիզնես գործունեություն էի ծավալում և իմ ակադեմիական կենտրոնն էի կառավարում: Իմ կյանքի չորրորդ փուլում ես ժամանակավոր՝ 7 տարով Հայաստանի նախագահն եմ և սպասում եմ թևակոխելու հինգերորդ փուլ: Իմ կյանքի այս բոլոր փուլերում մշտապես հանձնառու եմ եղել այս մոլորակն ավելի լավը, մաքուր, կանաչ դարձնել և կշարունակեմ այդպես անել իմ կյանքի հաջորդող փուլերում: Հաջողություններ եմ մաղթում բոլորին:

--00--ԱՀ

Տեսանյութեր