68 հազար դրամ ֆինանսական աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

րախ

Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ չորս ամիս շարունակ 68 000 ՀՀ դրամի չափով տրամադրված ֆինանսական աջակցության պոտենցիալ շահառու հանդիսացող, բայց աջակցությունից չօգտված քաղաքացիների դիմումների ընդունումը շարունակվում է:

Տվյալ խմբին պատկանող այն քաղաքացիները, ովքեր գտնվում են մայրաքաղաք Ստեփանակերտում, սակայն առողջական կամ այլ հանգամանքներից ելնելով՝ հնարավորություն չունեն ներկայանալ նախարարություն, կարող են դիմել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարի միջոցով գրանցելով իրենց անձնական տվյալներն ու բնակության հասցեն: Դիմումն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը գրանցելու նպատակով մեր աշխատակիցներն անձամբ կայցելեն նրանց:

Հանրապետության շրջաններում գտնվող և տեղաշարժվելու հնարավորություն չունեցող քաղաքացիները կարող են այլ անձի միջոցով դիմումն ու անհրաժեշտ այլ փաստաթղթերը ներկայացնել նախարարության՝ Կնունյանցների 1 հասցեում գտնվող վարչական շենք: Տվյալ դեպքում դիմումը պետք է ստորագրված լինի համայնքապետի կողմից՝ հավաստելով քաղաքացու՝ Արցախի Հանրապետությունում գտնվելու փաստը:

Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

1) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը,

2) հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և պատճենը,

3) «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը,

4) փաստացի բնակված անձը՝ նաև մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին երեք ամիսն Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված լինելու հանգամանքը հաստատող՝ բնակշահագործման մարմնի կամ թաղային կոմիտեի կամ տեղական ինքնակառավարման մարմնի տված փաստաթուղթը,

5) հանձնաժողովի պահանջով՝ գործընթացի համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր։

*Անչափահաս կամ անգործունակ անձի համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են նրա օրինական ներկայացուցչի (ծնողի, խնամակալի) կողմից։ Այս դեպքում, բացի շահառուի անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից (բացառությամբ «Արցախբանկ» ՓԲԸ-ում բացված բանկային հաշվի մասին տեղեկանքից կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագրից ու պատճենից), օրինական ներկայացուցիչը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը կամ վավեր սոցիալական ապահովության քարտը և դրանց պատճենները, ինչպես նաև «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը:

--00—ԼՄ