Դավիթ Տոնոյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու մասին միջնորդություն է ներկայացվել։ Տոնոյանի համար երաշխավորել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, «Նավակ Ճոճող» մականունով հայտնի Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, կայացել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, Դավիթ Գալստյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատաքննության նախապատրաստման փուլում քննարկվել է ինչպես դատարանի ինքնաբացարկի, այնպես էլ՝ մեղադրող դատախազի բացարկի հարցը։ Դատարանը մերժել է երկու միջնորդություններն էլ և անցել կալանավորված ամբաստանյալների խափանման միջոցի քննարկմանը։ Ընդ որում, ինչպես լրատվամիջոցին հայտնել է Դավիթ Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը, դատարանը փորձել է ինքնաբացարկի հարցի քննությունից անմիջապես հետո քննարկել խափանման միջոցի հարցը, սակայն պաշտպանության կողմն առարկել է և պահանջել քննարկել դատախազի բացարկի հարցը։ Այդուհանդերձ, դատարանը մերժել է դատախազի բացարկի միջնորդությունը՝ նշելով, որ քննության այս փուլում նման ընթացակարգ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ՝ այդպիսով զրկելով պաշտպանության կողմին՝ դատախազին բացարկ հայտնելու իրավունքից, ինչից հետո անցել է խափանման միջոցի հարցի քննարկմանը։

Սույն գործով կալանավորված են Դավիթ Տոնոյանը, Ստեփան Գալստյանը, Ավետիք Մուրադյանը, Դավիթ Գալստյանը և Արտյոմ Համբարյանը։ Դատարանում այսօր քննարկվել է բոլոր մեղադրյալների խափանման միջոցի հարցը՝ բացի Ստեփան Գալստյանից, նրա խափանման միջոցի հարցը կքննվի վաղը՝ ժամը 11.00-ին։

Մեղադրող դատախազը պահանջել է անփոփոխ թողնել մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտնել է, որ դատախազն իր դիրքորոշումը ձևակերպել է՝ նշելով, որ նախաքննության ընթացքում ինչ դրվել է կալանքի հիմքում, շարունակում է առկա լինել, ավելացնելու ոչինչ չունի։

«Որևէ պատճառաբանված, հիմնավորված միջնորդություն դատախազի կողմից չներկայացվեց, թե ինչու պետք է նրանք շարունակեն մնալ կալանքի տակ։ Ենթադրում ենք, որ հենց խոչընդոտելու հիմքին է վերաբերում և հենց դրա ուղղությամբ ենք ներկայացրել մեր հակափաստարկները»,- նշել է Հովհաննիսյանը։

Պաշտպանության կողմը պահանջել է մեղադրյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլ խափանման միջոցներով։ Մասնավորապես, Դավիթ Տոնոյանի պաշտպանները միջնորդել են Տոնոյանի նկատմամբ կիրառել անձնական երաշխավորություն, նրա համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը և Արամ Զավենի Սարգսյանը։ Դավիթ Գալստյանի, Ավետիք Մուրադյանի, Արտյոմ Համբարյանի պաշտպանները միջնորդել են՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։

Հարցին՝ արդյոք Դավիթ Տոնոյանը դատական նիստին հայտարարությամբ հանդես եկե՞լ է, փաստաբանը պատասխանել է, որ նա, ըստ էության, պնդել է ներկայացված միջնորդությունները, նաև գործով անցնող մյուս անձանց վերաբերյալ խափանման միջոց կալանավորման շարունակականության վերաբերյալ դիրքորոշում է ներկայացրել։

--00--ԱՀ