Դատավոր Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

ղզցղզց

Դատավոր Մանվել Շահվերդյանը կշարունակի քննել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, մերժել է պաշտպանների կողմից ներկայացված՝ ինքնաբացարկի միջնորդությունը։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ պաշտպանները երեկ պարզաբանումներ են պահանջել, թե ինչպես է գործը մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին, միջնորդել են դատարանի նախագահից պարզել՝ արդյոք խախտվե՞լ է մակագրման այբբենական կարգը, թե ոչ։ Պաշտպանության կողմին, սակայն, ստացված պատասխանը չի գոհացրել, ինչից հետո պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։

Միջնորդությունը ներկայացնելուց հետո Ավետիք Մուրադյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ դատարանի նախագահն ուղղակի հավաստիացրել էր, որ օրենքով սահմանված կարգը պահպանվել է, սակայն որևէ փաստական տվյալ չէր ներկայացրել։ Ընդամենը նշվել էր, որ այդ օրը դատարան մուտք է եղել 18 գործ և ըստ ազգանունների՝ մակագրվել, մինչդեռ, փաստաբանը գտնում է, որ, եթե այդպես է, դատարանի նախագահին ոչինչ չէր խանգարում՝ փաստական տվյալներ ներկայացնելու համար։ Ընդ որում, մակագրման համակարգում խնդիրների մասին հրապարակային հայտարարություններից հետո, «Դատալեքս» համակարգը ևս սկսել է չաշխատել՝ զուգադիպորեն և «Դատալեքս»-ով գործերի հերթականությունը և մակագրումը ստուգելը հնարավոր չէ։ Ըստ փաստաբանի՝ դատարանի նախագահը չի տրամադրել տվյալները, որ չերևա, որ գործը խախտումներով է մակագրվել։ Մակագրման կարգի խախտմամբ ստեղծված դատարանը, ըստ, պաշտպանի, օրենքի հիման վրա ստեղծված չէ, այսինքն, եթե չի պահպանվել կարգը, ապա կասկած է առաջանում, թե ինչու է կոնկրետ դատավորը քննում և ինչու է գործը մակագրվել հենց նրան։

Սարգսյանը հիշեցրեց նաև ՄԻՊ-ի հայտարարությունը, որի համաձայն՝ որոշակի դատավորներ չեն քննում որոշակի կատեգորիայի գործեր, այսինքն՝ մեկուսացվել են։ Այսինքն, այն դատավորները, որոնք անկախության մասով լուրջ հեղինակություն ունեն և անկախության երաշխիքներ են տրամադրում՝ չեն քննում հասարակական հնչեղություն ունեցող գործեր։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։

Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմամթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Դավիթ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Մուրադյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Բաբայանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Համբարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Նշենք, որ դատարանն արձանագրային որոշում է կայացրել՝ գործը դռնփակ ռեժիմով քննելու մասին։ Պաշտպանները և դատական նիստին ներկա ամբաստանյալները դեմ են եղել, որ գործը քննվի դռնփակ ռեժիմով՝ պնդելով հրապարակային քննություն, սակայն մեղադրող դատախազն ավելի վաղ գրությամբ դիմել էր դատարանին՝ պահանջելով ոչ հրապարակային քննություն՝ պայմանավորված գործում առկա պետական գաղտնիք պարունակող տեղեկություններով։

--00—ՍԳ

Տեսանյութեր