Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է․ Կարո Փայլան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

կարո

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր, Կարո Փայլանը հայտարարել է, որ «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է։ Նա ընդգծել է, որ այդ սպանության գործը բացահայտելու համար քաղաքական կամք է հարկավոր, գրում է ermenihaber.am-ը։

«Ցավոք, 15 տարի է դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, ով շարունակ քարոզում էր միասին ապրել»,- հայտարարել է Փայլանը խորհրդարանում և հավելել, որ թուրքական պետությունն այդպես էլ չի առերեսվել իր ներսի խավարին։ «Այդ օրերին, պետության ներսի խավարը որոշել էր լռեցնել Հրանտ Դինքին և 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց կազմակերպված հանցագործությամբ։ Ապանություն, որին մասնակից է եղել պետությունը»։

Փայլանը նաև անդրադարձել է ամիսներ առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ ուղիղ եթերում արած հայտարարությանը, որից ենթադրվում էր, որ Հրանտ Դինքի գործով դատապարտված Էրհան Թունջելը կապ ունի թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի հետ։

«Այդ օրվանից (Սոյլուի հայտարարությունից-խմբ․) անցել է 8 ամիս, ոչ մի դատախազ գործի չի անցել, և Սուլեյման Սոյլուն չի գնացել դատական ​​մարմին՝ հայտնելու, թե ինչ գիտի այդ մասին։ Անգամ սա է ցույց է տալիս, որ Դինքի սպանությունը խավարի մեջ պահելու կամքը դեռ պահպանվում է Անկարայի մութ միջանցքներում»,- ասել է նա։

--00—ԼՄ