Էս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ տրամաբանական բանավեճի մեջ չի մտնում. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

5

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը parliamentmonitoring.am կայքին տված հարցազրույցում ասել է, թե համաձայն չէ ձևակերպման հետ, թե ինքը պասիվ է խորհրդարանում։

«Մենք պետք է հասկանանք, որ սա սովորական գումարում չէ: Սա, ցավոք, կապիտուլյացիայից հետո ձևավորված խորհրդարան է: ԱԺ ընդդիմությունը եկել է մեկ օրակարգով՝ գործող իշխանությանը դուրս շպրտել իր պաշտոններից, որովհետև նրանց իշխանության ամեն օրը սպառնալիք է մեր երկրի ապագայի, անվտանգության, պետության գոյության համար», - ասել է Վանեցյանը։

Նա պարզաբանել է, թե ինչու է բացակայում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից։

«Բացակայում եմ կառավարության հետ հարցուպատասխանից, ու դրա հիմնական պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը, լինելով մանիպուլյացիոն ելույթներ ունենալու մեծ վարպետ, կարողանում է իր ուզած ձևով շրջել խոսակցությունը, կոնկրետ հարցադրումներին չպատասխանել։ Նիստը վարողը պետք է պահի ԱԺ կանոնակարգը, բայց հաճախ տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանին թույլատրվում է խախտել ժամանակը, խոսել իր ուզածից, արձագանքել վերջում և մնալ անարձագանք: Եթե ընդդիմադիր պատգամավորներից մեկը փորձում է հակադարձել Փաշինյանին, անմիջապես դահլիճ են հրավիրվում անվտանգության աշխատակիցները և պատգամավորներին ուժով դուրս են բերում դահլիճից: Նման բան երևի համաշխարհային պրակտիկայում էլ չի եղել: Մեր խորհրդարանի միջանցքներում, դահլիճի դռների մոտ կանգնած են զինվորական հագուստով աշխատակիցներ: Մեր խորհրդարանում լրագրողների շարժը սահմանափակ է, իսկ պատգամավորի նկատմամբ կարող է կիրառվել ուժ: Խոսում ես A-ից, պատասխանում է B-ից, խոսում ես B-ից, պատասխանում է C-ից: Էս մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, որևէ տրամաբանական բանավեճի մեջ չի մտնում», - ասել է Վանեցյանը։

--00—ԼՄ