Հայասատանն ունի՞ տարածքային պահանջներ․ թուրք վերլուծաբանը՝ հարաբերությունների կարգավորման մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

Հայաստան

 Թուրք փորձառու լրագրող, վերլուծաբան Ջենք Բաշլամըշը, որը ժամանակին հետևել է 2008-ին մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհաջող գործընթացին, անդրադարձել է հատուկ ներկայացուցիչների մոսկովյան առաջին հանդիպմանն ու հայկական կողմի հնարավոր «հողային պահանջներին»:  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Հայասատանը ունի՞ տարածքային պահանջներ» հոդվածում նա առանձնացրել է Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարությունների տարածած հայտարարությանների հետևյալ նախադասությունը՝ «Կողմերը համաձայնության են եկել լիարժեք կարգավորման հասնելու նպատակով բանակցությունները առանց նախապայմանների շարունակելու վերաբերյալ»: 

Հոդվածի հեղինակը նախ նշում է, որ հայտարարության ամենակարևոր կետը «առանց նախապայմանների» ձևակերպման շեշտադրումն է։ Ապա պնդում է, որ հարաբերությունների կարգավորման հետագա փուլերում Թուրքիայի համար լինելու խնդրահարույց 2 թեմա՝

1. Հայաստանի հողային պահանջատիրություն

2. Հայոց ցեղասպանություն

«Մարդկանց գլուխներում ամենամեծ խառնաշփոթն առաջացնում է Հայաստանի՝ տարածքային պահանջներ ունենալ կամ չունենալու հարցը»,- գրում է Ջենք Բաշլամըշը և այդ համատեքստում հիշում Երևանում 2008-ի վերջին արտասահմանյան լրագրողների հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը։ Այդ ժամանակ նա նույն թեմայով հարց էր ուղղել Սերժ Սարգսյանին: Եվ Բաշլամըշը հիշում է, որ Սարգսյանը նույնիսկ զարմացել էր, թե ինչու է այդ տեսակետը տարածված՝ շեշտելով որ որևէ հայ պաշտոնյա տարածքային պահանջների մասին երբևէ որևէ հայտարարություն չի արել: 

Ըստ Բաշլամըշի՝ ցեղասպանության թեմայով էլ Սարգսյանն ասել էր, որ դեմ չի 2 երկրների միջև հանձնաժողովներ հիմնելուն, սակայն կարծում է, որ ավելի լավ կլինի, որ սկզբում բացվեն սահմաններն ու հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ։ Այնուհետև օրակարգ գան տարբեր տեսակի համատեղ հանձնաժողովներ ու ենթահանձնաժողովներ հիմնելու հարցերը:

Գալով այն հարցին, թե ինչպես է Թուրքիայում ընկալվում «հողային պահանջների» թեման՝ հոդվածագիրը նշում է, որ Թուրքիայում այդ հարցի մասին խոսելիս սովորաբար հղում են անում 2 փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրությանը և Անկախության հռչակագրին:

«ՀՀ Սահմանադրության մեջ Թուրքիայից տարածքային պահանջների մասին ուղիղ ոչինչ չի ասվում: Սահմանադրության 13-րդ կետում, սակայն, այսպիսի նախադասություն կա՝ 

«ՀՀ զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա, պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները»: 

Այսինքն,- եզրակացնում է հոդվածի հեղինակը,- ՀՀ պետական զինանշանի վրա Արարատ սարն է, որի նկատմամբ հայերը հավակնություններ ունեն»։ 

Իսկ Անկախության հռչակագրից էլ թուրք վերլուծաբանը մեջբերում է 11-րդ հոդվածը, որտեղ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915թ. Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:

Այստեղ էլ հեղինակի համար խնդրահարույց է «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը, որն ըստ նրա՝ ընդգրկում է Օսմանյան Թուրքիայի արևելյան շրջանը՝ ներառյալ Արարատ լեռը: Այսպիսով, ըստ Բաշլամըշի, Անկախության հռչակագրում անուղղակի կերպով փաստորեն հողային հավակնություն է ներկայացված Թուրքիային։ 

«Գնդակը Երևանի դաշտում է» եզրափակիչ ենթավերնագրի ներքո էլ Բաշլամըշը գրում է.

«Այնպես է երևում, որ կարգավորման գործընթացը հիմնականում կախված կլինի Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից։ Եթե ​​Երևանը ցանկանա, որ  բանակցություններն անարդյունք լինեն, ապա հեշտությամբ կարող է խոչընդոտել գործընթացին՝ օրակարգ բերելով վերը նշված վիճահարույց հարցերը։ Բայց դատելով Հայաստանի իշխանությունների վերջին շաբաթների ուղերձներից՝ թվում է, թե Երևանի համար ներկայիս առաջնահերթությունը սահմանի բացումն ու երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումն է։

Հետևաբար, հավանական վտանգ ներկայացնող այս 2 հարցերը Երևանի վարչակազմի կողմից կարծես թե առայժմ մի կողմ են դրվել»:

--00—ՄՀ