Փողն ու կապիտալը Հայրենիք չունեն, կարևորը կապիտալի անվտանգությունն ու մշտական համալրումն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Ղազինյան

Եթե պետությունը պատերազմի և ստորացման երկընտրանքում ընտրում է ստորացումը, ստանում է և՜ ստորացում, և՜ պատերազմ:Այս մասին ֆեյսբուքում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ հավելելով.

«Այս բանաձևը, հազարամյակների ընթացքում ուղեկցել է Հայաստանն ու Հայ ժողովրդին՝ ստիպելով ընտրել ստորացված վիճակում և «խաղաղ» պայմաններում առևտուր անելու և փող աշխատելու օգտին:

Փողն իհարկե աշխատել են, բայց ոչ թե ժողովուրդը, այլ խաղաղության համար պայքարող և թշնամու հետ առևտուր անելու երազանքով ապրող վաճառական հայկական էլիտան:

Արդյունքում ստացել ենք պատերազմ, հայրենազրկում, ցեղասպանություն, մորթվել, կոտորվել և արտաքսվել են հասարակ մարդիկ, իսկ վաճառական էլիտան՝ պայմանավորվելով թշնամու հետ, իր կապիտալը տեղափոխել է անվտանգ և ապահով վայր:

Վաճառական էլիտան, որպես կանոն, հրաժարվել է օժանդակել ազգային-ազատագրական պայքարին, չի ֆինանսավորել հայկական շահին ուղղված քաղաքական նախագծերը՝ գերադասելով պրագմատիկ շահերի տիրույթում պայմանավորվել օրվա օկուպանտ իշխանության հետ:

Շատ բան չի փոխվել. փողն ու կապիտալը Հայրենիք չունեն, կարևորը կապիտալի անվտանգությունն ու մշտական համալրումն է:

Այս խնդիրը պետք է լուծվի և դա պետք է լինի ապագա իշխանության առաջնահերթ ու գերակա խնդիրներից մեկը: Հայկական կապիտալը պետք է ծառայի Հայկական շահին՝ անկախ դրա ծագումից և գտնվելու վայրից . . .»:

--00--ԱՀ

Տեսանյութեր