Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքի պաշտպանությունից․ արտահերթ զեկույց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է արտահերթ զեկույց` Սահմանադրական դատարանում ձայները հավասար բաշխվելու դեպքում որոշում կամ եզրակացություն չկայացվելու և դիմումը մերժված համարելու բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա։ 

«Հարցն այն է, որ Սահմանադրական դատարանը կարող է մերժել քննության ընդունված դիմումը, երբ ՍԴ-ում ձայները հավասար են բաշխվում ու ՍԴ-ն որոշում կամ եզրակացություն այդ դեպքում չի կայացնում: 

Խոսքը վերաբերում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասին, որը դատարանին հնարավորություն է տալիս մերժված համարելու արդեն քննության ընդունված այն դիմումը, որի քննարկման վերաբերյալ ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում կամ եզրակացություն չի ընդունվում: 

Այս հարցով դիմել եմ նաև Սահմանադրական դատարան, որի համար ազդակ է դարձել 09.12.2020 թ. ՍԴ ներկայացված իմ այն դիմումը, որով վիճարկել եմ ՀՀ հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի և 422-րդ հոդվածի սահմանադրականությունը: 

Մասնավորապես, խոսքն այդ դիմումի քննարկման այնպիսի արդյունքի մասին է, որով դիմումը ՍԴ-ն մերժված է համարել քննարկվող հարցը ձայների հավասարության պատճառով:

Նշված դիմումով վիճարկում էի այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար: Սահմանված են միայն տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու կոնկրետ իրավախախտման հանգամանքները: 

ՍԴ-ն իմ այդ դիմումի կապակցությամբ այդպես էլ ըստ էության որևէ որոշում չի կայացրել:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումը վիճարկվել է՝ ելնելով հետևյալ հիմնական մոտեցումներից. 

- Սահմանադրական դատարանին դիմում ներկայացնելն ու դատարանի կողմից որոշում կայացնելը մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոց է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի իմաստով. 

- Սահմանադրական դատարանը կոնկրետ գործերով իրականացնում է կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման գործառույթ, քանի որ վիճարկվող նորմը կամ դրա մեկնաբանությունը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչող ՍԴ որոշման հիման վրա անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման:

Մինչդեռ, Սահմանադրական դատարանում արդեն քննության ընդունված գործով դիմումը տեխնիկական նկատառումներով մերժվելու դեպքում, փաստորեն, մարդը զրկվում է իր խախտված իրավունքների վերականգնման այդ հնարավորությունից.

- Սահմանադրական դատարանը սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության միջոց լինելուց բացի նաև իրականացնում է կանխարգելիչ գործառույթ:

Սահմանադրական դատարանի որոշումներում ամրագրված ուղենիշային դիրքորոշումները կանխարգելիչ նշանակություն ունեն իրավունքների հետագա խախտումները բացառելու և Սահմանադրության ու մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների ապահովման տեսանկյունից: 

Հատուկ ընդգծեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Սահմանադրական դատարան դիմելը նպատակ ունի ներկայացնելու անհատական դիմում բողոքների արդյունքներով արձանագրված համակարգային խնդիրները, պայքարել խնդիրների արմատների դեմ, ինչպես նաև նպաստել դրանց լուծմանը և հետագայում նմանատիպ խնդիրների և խախտումների բացառմանը: 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումներով, փաստորեն, արձանագրվում են Պաշտպանի դիմումներով բարձրացված համակարգային խնդիրները, վիճարկվող նորմերը ճանաչվում են Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ առնվազն տրվում են վիճարկվող նորմերի պաշտոնական մեկնաբանություններ:

Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասը կիրառելու արդյունքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումում նշված համակարգային խնդիրները մնում են չլուծված, իրավունքների խախտումները՝ չվերացած՝ դրանով իսկ առկախված թողնելով վիճարկվող նորմի իրավաչափության հարցն, առհասարակ:

Ստացվում է՝ ՍԴ-ն կարող է հրաժարվել իրավունքների պաշտպանությունից՝ մարդուն թողնելով իր խնդիրների հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի դեպքում դա էլ իր հերթին անխուսափելի բացասական ազդեցություն է ունենում Պաշտպանի աջակցությունը ստանալու յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքի, Պաշտպանի սահմանադրական գործառույթների վրա, խաթարում է հանրային  վստահությունը սահմանադրական այս հաստատության նկատմամբ: 

Սահմանադրական դատարանում քննվող գործի վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու կարևորությունն ու անհրաժեշտությունն ընդգծվում է հատկապես այն բանի հաշվառմամբ, որ Սահմանադրական դատարանի որոշումների պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություն։

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

--00—ԼՄ

Տեսանյութեր