Գազի վերջնական սակագինը սպառողների համար կորոշվի թափանցիկ ընթացակարգով, կլինի քննարկում. ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Լրատվամիջոցներում տեղ են գտել մի շարք իրարամերժ և անհիմն հրապարակումներ իբրև «գաղտնի կնքված հերթական գազային համաձայնագրի» վերաբերյալ։

Մանիպուլյատիվ մեկնաբանությունները և ապատեղեկատվության տարածումը կանխելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ 2022թ. համար սահմանին գազի գնի հարցը կարգավորված է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ միջև դեռևս 2013 թ. կնքված պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով, ըստ որի սահմանին գազի գինը 2022թ. համար պահպանվում է:

«Նշված լրացուցիչ համաձայնագիրը կնքվել է 2021թ. հոկտեմբերի 29-ին: Դեռևս 2013 թ. կնքված պայմանագրով, որը հրապարակային փաստաթուղթ է, կողմերի միջև համաձայնեցված և հաստատված է եղել փաստացի կալորիականությամբ գազի գնի մեծության ճշգրտման բանաձևը, որը կիրառվելու է 2022 թվականի ապրիլի 1-ից:

2. Միևնույն ժամանակ, ՀՀ կառավարությունը 2021 թ. դեկտեմբերի 23-ի նիստում հավանության է արժանացրել ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության ստորագրման առաջարկությունը:

Նշված որոշումը հրապարակվել է դեռևս 2021թ. դեկտեմբերին և տեղադրված է եղել ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում: Ներկայումս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթա­կառուցվածքների և Հայաստանի Հանրապետության արտաքին գոր­ծերի նախարարություններին հանձնարարված է կազմակերպել արձանագրության ստորագրումը:

Գազի վերջնական սակագինը սպառողների համար ևս կորոշվի թափանցիկ ընթացակարգով, և այդ մասով կլինեն բաց քննարկումներ ՀԾԿՀ առաջիկա նիստերի ընթացքում»,- ասված է ՏԿԵ նախարարության պարզաբանման մեջ:

Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիան» հայտարարել էր, որ մտադիր է ապրիլի 1-ից թանկացնել կապույտ վառելիքը։

--00—ԼՄ

Տեսանյութեր