Ադրբեջանական գերությունից վերադարձած հովվի ոչխարները հետ բերելու համար բանակցություններ են ընթանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Հասարակական

Երեկ ադրբեջանական կողմը վերադարձրել է Տեղ համայնքից գերեվարված հովվին, սակայն նրա ոչխարները դեռ ադրբեջանցիների մոտ են։ Այս մասին 24News-ին ասաց Տեղ համայնքի Արավուս բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը։

«Նախկին համայնքի ղեկավարի [Ներսես Շադունց] հետ զանգեցինք ռուսներին, ես Գորիսում հանդիպել եմ «Կարմիր խաչի» գրասենյակի աշխատակիցներին։ Ռուսները բանակցել են, զանգել են Ստեփանակերտ՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարին, իրենց միջոցով հետ են բերել հովվին, բայց ոչխարները մնացել են», - ասաց Հովսեփյանը։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները խոստացել են վերադարձնել ոչխարներին։ Հովվին երեկոյան ժամը 21։00-ի կողմներն է վերադարձրել։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը 24News-ին ասաց, որ արդեն բանակցություններ են ընթանում ոչխարները վերադարձնելու համար։ Անդրադառնալով հովվի նկատմամբ ադրբեջանցիների վերաբերմունքին՝ Ղուլունցն ասաց․ «Ոչ մի բան չեն արել, հովվի հետ կապված ոչ մի բան չկա, նորմալ վերաբերվել են, նույնիսկ թեյ էլ են տվել։ Ոչ մի հարված չի եղել, ոչ մի կապտուկ մարմնին չկա»։

Տեղի համայնքապետն ասաց, որ հանդիպել են ռուսական կողմի հետ։ Ռուսական խաղաղապահների ներկայացուցիչը գնացել է ադրբեջանական տարածք։ «Գնացել ենք, հանդիպել ենք, մենք մինչև մեր սահմանն ենք գնացել, Ադրբեջանի տարածք ռուսական զորախմբի հրամանատարն է գնացել», - եզրափակեց Դավիթ Ղուլունցը։

Հիշեցնենք, որ երեկ Տեղ գյուղի բանակիչ, 1969 թվականին ծնված Սուրիկ Մաթևոսյանը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցնելիս է եղել իր ոչխարներին։ Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով նրան, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150 մետր, և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ` իրենց հետ տանելով 400-450 ոչխար: Հովվիվը երեկ ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձել է։

--00--ԿԿ