Ադրբեջանցի զինծառայողները իջել են իրենց դիրքերից և ուժի գործադրմամբ տարել են Տեղ գյուղի բնակչին․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

․

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները գողանալու դեպքին։ Համապատասխան հրապարակումը Թաթոյանն արել է Facebook–ի իր էջում։

Նշվում է, որ ՄԻՊ–ին հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։

Ըստ ահազանգի` առևանգումից առաջ ՀՀ բնակիչը Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածնելիս է եղել իր ոչխարներին:

«Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից մոտ 150մ և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է»,–գրել է Թաթոյանը:

ՄԻՊ–ի խոսքով`ահազանգը ճշգրտվել է։ Ըստ լրացուցիչ ճշտման՝ միջադեպի մասին տեղեկացված են ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ:

Թաթոյանի խոսքով`այս ահազանգը վկայում է ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով ՀՀ խաղաղ բնակչի կյանքի, անձնական ազատության և սեփականության իրավունքների նկատմամբ հանցավոր ոտնձգության մասին:

«Այս միջադեպն ապացուցում է, որ ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի:Այս հարցի լուծումը հրատապ է. պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի»,–շեշտել է պաշտպանը։

Այս միջադեպի փաստը կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հաղորդումներում։

Ավելի վաղ` հայտնել էինք, որ ադրբեջանցիներն առևանգել են Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթևոսյանին։

--00--ԱՀ