Ադրբեջանցիները դիրքերից իջել ու գերեվարել են սյունեցի հովվին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

Հասարակական

Սյունիքի մարզի Տեղ համայնքից ադրբեջանցիները գերեվարել են հովվի, տարել են նաև ոչխարի հոտը։ Այս մասին 24News-ին հայտնեցին իր աղբյուրները։

«Դրա ժամանակը չէ», - առանց հարցը լսելու ասաց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը և անջատեց հեռախոսը։

Արավուսի նախկին վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը 24News-ին ասաց, որ գերեվարված հովիվը Տեղ համայնքի համանուն գյուղից է, 1969 թվականին ծնված Սուրիկ Մաթևոսյանը։ «Արավուսի և Խնածախի տարածքում է դեպքը եղել։ Դե, անասուններին արածեցնելուց երևի մի քիչ անցել է, պոստից ադրբեջանցիներն իջել են, հովվին տարել են անասունների հետ միասին», - ասաց Հովսեփյանը։

Արավուսի նախկին ղեկավարն ասաց, որ տեղեկացրել է ռուսական կողմին։ «Զանգել եմ ռուսներին, ասեցին, որ կզբաղվեն, բայց տեսնենք։ Գորիսից գնում եմ Տեղ գյուղ, ռուսական զորամասում հանդիպման, որ հետո հանդիպեմ ադրբեջանցիներին, բանակցեմ։ Ես մինչև ընտրություններ ասեցի, որ թող մնանք, աշխատենք, պատերազմը դեռ չի վերջացել, բերեցին, բանակում չծառայածին իմ տեղը նշանակեցին։ Դե իրանք գիտեն», - եզրափակեց Արգամ Հովսեփյանը։

--00--ԿԿ