«Չենք պատրաստվում հանդուրժել այս սաբոտաժը». Թալինի համայնքապետը՝ ավագանու նիստը չկայանալու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Հասարակական

Այսօր՝ 2022 թվականի հունվարի 11-ին օրենքի ուժով հրավիրված Թալին խոշորացված համայնքի ավագանու երկրորդ նիստը տեղի չունեցավ՝ ընդդիմադիր խմբակցությունների նիստին չներկայանալու պատճառով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թալին խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Տավրոս Սափեյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ մեզանից յուրաքանչյուրին պարզ է, որ ձախողելով ավագանու նիստը, ձախողվում է մեր համայնքի բնականոն կյանքը։ Չկատարելով իրենց օրենքով սահմանված պարտականությունները, ընդդիմադիր ուժը գիտակցաբար նպաստում է համայնքում արհեստածին խնդիրների առաջացմանը։

Հետևաբար, անտեղի է համայնքի նկատմամբ իրենց կողմից կեղծ մտահոգությունների հայտնումը։ Այս անգործության արդյունքում միակ տուժող կողմը համայնքի բնակիչն է, ում նկատմամբ յուրաքանչյուր ավագանի, անկախ քաղաքակական պատկանելությունից, ունի իր անհատական պատասխանատվությունը։ Այսպիսով, յուրաքանչյուր դավադիր համաձայնություն, ուղղված համայնքի օրինական կերպով ընտրված ղեկավարի նկատմամբ, ուղղակիորեն դավադրություն է համայնքի բնակիչների նկատմամբ, որն իսկ աններելի է և անթույլատրելի։

Բնակիչների առօրյան դժվարացնելը և համայնքի բնականոն զարգացմանը խոչընդոտելը ընտրված ավագանու անդամի պատկառելի կարգավիճակին անհամատեղելի և անհարիր պահվածք է, ինչը ցավոք սրտի, դրսևորում են մեր ընդդիմադիրները, ապացուցելով, որ իրենց համար համայնքապետի աթոռը շատ ավելին է, քան իրենց վստահության քվե տված քաղաքացիների բարեկեցությունը։

Սակայն ևս մեկ անգամ կկրկնեմ, ի գիտություն բոլորի, որ իմ և իմ թիմակիցների կամքն անկոտրում է և չենք պատրաստվում հանդուրժել այս սաբոտաժը։ Մենք տեր ենք կանգնում մեր քվեներին և պայքարում ենք ի բարօրություն ողջ համայնքի։

Եվ թող որևէ մեկի մտքով անգամ չանցնի, որ կարող է դավադիր ճանապարհով հասնել իշխանության։ Իշխանության միակ կրողը ժողովուրդն է, որի պատվիրակը լինելով, պարտավոր ենք գործել բացառապես քաղաքացիների և հայրենիքի շահերից։ Այս սրբազան առաքելությունից շեղված յուրաքանչյուր ոք չի ներվելու և կստանա իր արժանին»:

Հիշեցնենք, որ Թալինի 21 հոգանոց ավագանիում ՔՊ-ն ունի 10 ձայն, սակայն ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանի օգտին է քվեարկել նաեւ «Հայք» խմբակցությունից Կարեն Գրիգորյանը, որը հետագայում հրաժարվել է մանդատից: Հետեւաբար, ՔՊ-ի 10 ձայնը բավարար չէ ավագանու նիստ հրավիրելու համար:

--00--ԿԿ