Մայրաքաղաքի փողոցներում վաճառվում է Կարմիր գրքում գրանցված ծաղկի վերացող տեսակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 11,  24 News

ֆիշեր

Մայրաքաղաքի փողոցներում կրկին վաճառվում է «դեղին ձնծաղիկը»՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկը, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։

Շտերնբերգիա Ֆիշերի

Կատեգորիա
CR B 1 ab(i,ii,iii,iv) + 2 ab(i,ii,iii,iv)

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայտնի է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրից: Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:
Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ:

Նկարագրություն
Բազմամյա սոխուկավոր բույս 10-15 սմ բարձր: Սոխուկները կլոր 2,5-3,5 սմ տրամագծով, ծածկված դարչնագույն կամ սևավուն թեփուկներով: Տերևները գոտիանման, տափակ, փայլուն, մուգ-կանաչ, բութ գագաթով, հիմքում` հազիվ ողնուցավոր, մինչ 20 սմ երկ.: Ծաղիկները վառ-դեղին, նստադիր կամ կարճ, մինչև 5 մմ երկ. կոթունով: Տուփիկը 10-15 մմ տրամագծով, երկարավուն-էլիպսաձև: Սերմը սերմնաթիկնոցով:

Տարածում

Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում:
Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին:

--00—ՄՀ