Կարմիր Շուկայում ադրբեջանական կրակոցներից «ՈՒԱԶ» է այրվել․ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

նկար

Ադրբեջանական կողմը կրակել է Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի ուղղությամբ, կրակոցների հետևանքով «ՈՒԱԶ» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենա է այրվել։ Տեղեկությունը հայտնեց Արցախում 24News-ի աղբյուրը։

«Կրակոցից «Վիլիս» է վառվել դպրոցի մոտակայքում, տան հայաթում է կայանված եղել։ Որևէ մարդու վնաս չի եղել։ Գյուղի ուղղությամբ կրակոցները կպել են «Վիլիս»-ին, վառվել է», - ասաց մեր աղբյուրը։ 

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը 24News-ին խնդրեց այս հարցով դիմել Արցախի պաշտպանության բանակին։ «Օպերատիվ տեղեկություն է, իրենք ավելի կոնկրետ կարող են Ձեզ պատասխանել», - հավելեց Ավանեսյանը՝ հրաժարվելով այլ տեղեկություն փոխանցել։

Քիչ առաջ սահմանային միջադեպի առնչությամբ հայտարարություն է տարածել նաև Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Ըստ գերատեսչության՝ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ իբր ՊԲ-ի ստորաբաժանումները ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը:

Իրականում Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան:

Սերգեյ Առաքելյան

--00--ԼՄ