«Ապրելու երկիր»-ը կվիճարկի Փարաքարի համայնքապետի ընտրության նիստի օրինականությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Հասարակական

«Ապրելու երկիր» կուսակցությունը դատարան կդիմի՝ վիճարկելու Փարաքարում երեկ տեղի ունեցած նիստի իրավազորությունը։ Այս մասին 24News-ին ասաց կուսակցության համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։

Երեկ Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղին ունեցած նիստին Դավիթ Մինասյանը 11 կողմ ձայնով ընտրվեց համայնքի ղեկավար: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների ավագանու բոլոր 11 անդամները։ 

Նիստի սկզբին ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամները հայտարարեցին, որ վայր են դնում իրենց 10 մանդատներն ու լքեցին նիստերի դահլիճը: 

Փարաքարում «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները հայտարարեցին, որ համայնքի կառավարումն իրականացնելու են ռոտացիոն սկզբունքով. 5-ամյա կառավարման առաջին կեսն իրականացնելու է Դավիթ Մինասյանը, իսկ մյուս կեսը՝ ՔՊ համայնքապետի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։

«Ապրելու երկրի» համայնքապետի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը 24News-ին ասաց, որ վաղը չէ մյուս օրը հայտարարությունով հանդես կգա։ «Օրինականությունը պահպանելու համար միանշանակ դատարան դիմելու եմ։ Եթե ես մի բան նկատել եմ, որ անօրինական է եղել, անպայման դատարանը պետք է դրա պատասխանը տա։ Ինձ համար շատ կարևոր է դատարանի կարծիքը։ Նիստն անօրինական է եղել», - եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ մինչ մանդատները վայր դնելու մասին հայտարարելը, «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամներն ընթերցեցին, որ համաձայն Տեղական ինքնակառվարման մասին օրենքի 16-րդ հոդվածի 9-րդ մասի՝ 3000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերն առցանց հեռարձակվում են համայնքի պաշտոնական համացանցային կայքում, ու նշեցին, որ այս փաստը չկա, այսինքն՝ նիստն առցանց չի հեռարձակվում։ Այնուհետև Վոլոդյա  Գրիգորյանը հայտարարեց․ «Մենք մեր բոլոր ավագանու անդամներով վայր ենք դնում մեր մանդատները հանուն մեր ժողովրդի, հանուն մեր ստացած քվեի, հանուն ձեզ տված քվեի, որպեսզի չլինեն տարաձայնություններ»։

Համաձայնության եկած ուժերի կարծիքով՝ նիստն օրինական է եղել։ Ի պատասխան հեռարձակման վերաբերյալ հայտարարության՝ «Դավիթ Մինասյան» խմբակցության անդամ Գոռ Սարիբեկյանն ասաց, որ համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը պաշտոնական է։

--00--ԿԿ