Պարեկները կանգնեցրել են կասկածելի BMW-ն, բանկի կառավարիչը, ՊԵԿ ծառայողը, ՍՊԸ հաշվապահը հարձակվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Հունվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկներ Սուրեն Փաշայանն ու Արկադի Ղազարյանը, նույն օրը՝ ժամը 05:00-ի սահմանում, Իսակովի պողոտայում նկատել են երթևեկող BMW մակնիշի ավտոմեքենա, գրում է shamshyan.com-ը:

Պարեկները տեղում պարզել են, որ ավտոմեքենայի գույնը չի համապատասխանում հաշվառման վկայագրում նշված գույնին, ու ձայնային ազդանշանի միջոցով կանգնեցրել են նշված ավտոմեքենան, և երբ փորձել են վարչական ակտ կազմել, մի քանի հոգի դուրս են եկել ավտոմեքենայից, քաշքշել պարեկներին և չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:  

Աղբյուրը հայտնում է, որ պարեկներն իրենց գործընկերների հետ նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 29-ամյա Էդգար Հովհաննիսյանը, ուղևորները եղել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Վահե Հովհաննիսյանն ու 29-ամյա Անդրանիկ Կարապետյանը:  

Վերջիններս այնուհետև բաց են թողնվել:  

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  

Աղբյուրը նաև հայտնում է, որ Է. և Վ. Հովհաննիսյանները հարազատ եղբայրներ են, ոստիկանությունում էլ հայտնել են, որ Է. Հովհաննիսյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում, Վ. Հովհաննիսյանը՝ «ԷՅ ՍԻ ՍԻ Թրաասթ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ Ա. Կարապետյանը «Էվոկոբանկում»՝ որպես կառավարիչ:   

--00—ԼՄ