Ղազախստանում իրավիճակը ճգնաժամային է, բայց հայ համայնքի հետ կապված քաղաքական խնդիր չկա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Հասարակական

Ղազախստանում դեռևս իրավիճակը լարված է, ճգնաժամային է, բայց հայ համայնքին առընչվող որևէ քաղաքական և ոչ քաղաքական խնդրահարույց բան չկա այս պահի դրությամբ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանն՝ անդրադառնալով Ղազախստանում ստեղծված իրավիճակին։ 

«Անընդհատ կապի մեջ եմ Ղազախստանի մեջլիսի մեր գործընկերների հետ։ Այնտեղ ունենք հայկական համայնքը ներկայացնող պատգամավոր, ում հետ ևս անընդհատ կապի մեջ եմ։ Կապի մեջ եմ նաև հայ համայնքը ներկայացնող մարդկանց հետ։ Այնտեղ մենք բավականին մեծ և հզոր համայնք ունենք, ընդորում մեր համայնքը ներկայացված է բոլոր ոլորտներում՝ խոշոր բիզնեսից մինչև քաղաքականություն, խոշոր շինարարություն, բանկային համակարգ և այլն», - նշեց պատգամավորը։

Հարցին՝ գունավոր հեղափոխության միտումներ տեսնո՞ւմ է, Հակոբյանը պատասխանեց․ «Ես չեմ ուզենա որևէ որակումով հանդես գալ գործընկեր պետության մասին։ Ես կուզենամ միայն նշել, որ մենք որևէ կերպ չենք խառնվելու ներղազախստանյան քաղաքական կյանքին։ Այն, ինչ տեղի է ունենում այժմ, Ղազախստանի սուվերեն իրավունքն է, և ղազախ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե ինչ քայլերով է առաջ շարժվում։ Եթե Դուք նկատի ունեք Հայաստանի Հանրապետության վարչապետի արձագանքը և գրառումը կապված ՀԱՊԿ-ի հետ, ես կուզենամ, որ մենք դա դիտարկենք ոչ թե Ղազախստանի ներքաղաքական, այլ ուրիշ հիմքով»։ 

Հակոբյանը չասաց՝ արդյո՞ք բողոքի ցույցերի հետևում թուրքական հետք տեսնում է․ «Ես կարող եմ ասել, որ մեր առջև խնդիր դրված չէ որևէ պետության կամ երկրի հետք գտնելը կամ չգտնելը։ Մեր առջև՝ որպես ՀԱՊԿ անդամ երկիր, խնդիր է դրված անել ամեն ինչ, որպեսզի ՀԱՊԿ անդամ մյուս երկրի քաղաքական իրավիճակը կայունանա և տարվի կառուցողական դաշտ»։  

Այսօր հայտնի դարձավ, որ Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում բախումների հետևանքով զոհված ոստիկաններից երկուսի դին հայտնաբերվել է գլխատված վիճակում։ Հարցին՝ Իսլամական պետության, իսլամական ծայրահեղական խմբավորումների գործողություններ տեսանելի՞ են Ղազախստանում, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց․ «Ես ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ մենք պետք է անենք ամեն ինչ համաձայն մեր ստանձնած կանոնադրական պարտավորությունների»։

Հակոբյանի խոսքերով՝ բազմաթիվ քննարկումների, հեռախոսազանգերի, զրույցների արդյուքներով չի ստացել որևէ ինֆորմացիա, որ հայ համայնքից որևէ մեկը Ղազախստանից դուրս գալու խնդիր ունի․ «Բոլորն ինձ հավաստիացրել են, որ հայկական համայնքի հետ կապված որևէ խնդիր չկա, վտանգավորությունը հայ համայնքին չի առընչվում»։

Նույնը վերաբերում է նաև Ղազախստան այցելած Հայաստանի քաղաքացիներին, որ դիմած լինել երկրից հեռանալու մասին։ «Կապի մեջ եմ նաև մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, այնտեղից ևս ինֆորմացիա չեմ ստացել», - եզրափակեց Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավարը։

Հիշեցնենք, որ Ղազախստանում հունվարի առաջին օրերից բողոքի լայնածավալ ցույցեր ու անկարգություններ են սկսվել հեղուկ գազի սակագնի բարձրացման պատճառով։

--00--ԿԿ