Հունգարիայի վարչապետի գրասենյակը «դիվանագիտական ​​հաջողություն» է որակել 5 հայ ռազմագերու վերադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

․

«Հայ ռազմագերիների վերադարձից հետո թե հայ-հունագարական հարաբերություններն ամրապնդվում են նաև պետական մակարդակով։ Խոսքը երկար ու շատ զգայուն գործընթացի մասին է, որում 2021 թվականի ամռանը վերոհիշյալ հանդիպումը շատ դրական շրջադարձ բերեց։ Հունգարիան կարողացավ որպես միջնորդ հանդես գալ հայ-ադրբեջանական զգայուն և լարված իրավիճակում, որը լավ հայտնի է մամուլից: Դրա և Սուրբ Աթոռի բարեխոսության շնորհիվ հինգ երիտասարդ զինվորներն այժմ կարող են Սուրբ Ծնունդն անցկացնել տանը՝ իրենց ընտանիքների հետ, ինչը մեծ բան է»: Այս մասին հայտարարել է, Հունգարիայի վարչապետի գրասենյակի՝ հալածյալ քրիստոնյաներին աջակցության և «Հունգարիան օգնում է» ծրագրի իրականացման հարցերով պետական քարտուղար Ազբեջ Տրիստանը։

Պաշտոնյան ռազմագերիների հայրենիք վերադարձի հարցում որպես կարևոր գործոններ է նշել ադրբեջանա-հունգարական լավ հարաբերությունները, Հայաստանի արտաքին գործերի նախարարության և կառավարության արտակարգ բացությունն ու բարեկամական համագործակցությունը:

«Պետք է նաև անուն-ազգանունով նշեմ այս գործընթացի առանցքային խաղացողներից մեկին՝ Աշոտ Սմբատյանին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայ-հունգարական  հարաբերությունների գծով գլխավոր խորհրդական, որը նախկինում եղել է Բեռլինում ՀՀ դեսպան»,-նշել է Տրիստանը։

Պաշտոնյան նաև ասել է, որ զինվորների բարեհաջող վերադարձը տուն համընկել է Հունգարիայի կողմից Հայաստանին հակակորոնավիրուսային պատվաստանյութերի նշանակալի խմբաքանակի նվիրատվության հետ: Խոսքն 100 000 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութի նվիրատվության մասին է:

--00--ԱՀ